Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրես կարող է ընտրվել ամերիկահայ Դանիել Թարխանյանը


Միացյալ Նահանգների Կոնգրեսում շուտով կարող է հայազգի եւս մեկ կոնգրեսական հայտնվել: Դանիել, կամ Դենի Թարխանյանը Լաս Վեգասում Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուն է, ով նոյեմբերի 6-ի ընտրություններին պայքարելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սյուզի Լիի դեմ: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հաղթանակի իր հնարավորությունները Թարխանյանը գնահատում է զգույշ լավատեսությամբ.

«Դա մեծ պատիվ է ինձ համար ու հույս ունեմ՝ հայ համայնքին հպարտանալու հիմք կտամ, երբ լինեմ Վաշինգտոնում»:

Հանրապետականներին աջակցող Նեվադայում Թարխանյանն իրոք հաղթանակի լավ հնարավորություններ ունի, հատկապես հաշվի առնելով, որ նրան իր աջակցությունն է հայտնել այստեղ բազմաթիվ կողմնակիցներ ունեցող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Դենիի հայրը, բասկետբոլի տեղական թիմի մարզիչ Ջերի Թարխանյանը, Լաս Վեգասում լեգենդ էր համարվում:

«Հայրս ինձ միշտ հիշեցնում էր, թե որքան ամուր է հայ համայնքը, որքան է աջակցում միմյանց: Նա պատմում էր, որ երբ իր մայրը, խույս տալով Ցեղասպանությունից, Ամերիկա էր եկել, ոչինչ չուներ, եւ իրեն սատարում էին տեղի հայ ընտանիքները», - պատմում է Թարխանյանը:

Թարխանյանը դասական հանրապետական է: Նա սատարում է զենք կրելու իրավունքը եւ ներգաղթային կոշտ քաղաքականությունը, աջակցում Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները: Քաղաքականության մեջ Դենի Թարխանյանը մուտք է գործել 42 տարեկանում՝ իրավաբանական ընկերությունում աշխատելուց հետո: «Հայրս միշտ հարցնում էր՝ ինչո՞ւ ես ցանկանում քաղաքականության մեջ մտնել, չէ՞ որ այնտեղ հաջողության են հասնում առավել շատ սուտ ասողները», - հիշում է Թարխանյանն՝ ավելացնելով, որ հավատում է՝ հանրային ոլորտում կարող է հանրությանն առավել մեծ օգուտ բերել.

«Հանրային ծառայությունն առավել վեհ մասնագիտություններից մեկն է, եթե այնտեղ գնում ես ճիշտ մտադրություններով ու նպատակներով»:

Դենի Թարխանյանն ավելացնում է՝ որ իրեն բախտավոր է համարում, քանի որ բարդ ընտրապայքարի ամբողջ ընթացքում ստացել է նաեւ ընտանիքի լիարժեք աջակցությունը: Նրա կինը՝ Էմի Թարխանյանը ողջ ընտրապայքարի ընթացքում ամուսնու հետ միասին այցելում է ընտրողների տներ, զանգահարում եւ հանդիպումների մասնակցում:

«Միասին, կարծում եմ, մենք իրոք լավ թիմ ենք եւ թեեւ ես չափազանց զգույշ լավատեսությամբ կարող եմ ասել, որ գոհ եմ այս ընտրապայքարում ամուսնուս հնարավորություններից», - նշում է նա:

Facebook Forum

XS
SM
MD
LG