Մատչելի հղումներ

Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների շարասյունը շարունակում է մոտենալ ԱՄՆ-ի սահմաններին


Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ եկող ներգաղթյալների շարասյունը դարձել է կարևոր խնդիր գալիք ամերիկյան ընտրությունների համատեքստում: Նախագահ Թրամփի կողմնակիցները հույս ունեն՝ նախագահը կկարողանա օգտագործել այս հանգամանքը ի շահ հանրապետականների:

Նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի ոլորտում կոշտ քաղաքականության կողմնակիցները գտնում են, որ Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ-ի սահմանները շարժվող շարասյունը ուժեղացնում է հանրապետականների դիրքերը գալիք ընտրություններում:

«Քաղաքական առումով այս շարասյունը կարող է փոխել հարաբերակցությունը հօգուտ հանրապետականների, քանի որ շատ տպավորիչ է, երբ երկիր են փորձում մուտք գործել չվերահսկվող զանգվածներ»,- ասում է Դեն Շթեյնը՝ Ամերիկյան ներգաղթի բարեփոխման ֆեդերացիայի ներկայացուցիչը:

Հազարավոր մարդիկ Գվատեմալայից մուտք են գործել Մեքսիկա՝ սահմանային ցանկապատը կոտրելու միջոցով: Նրանք մերժել են ապաստան տրամադրելու Մեքսիկայի կառավարության առաջարկը: Մեծ մասը Հոնդուրասից են, ուր ահագնանում է բռնությունն ու աղքատությունը:

Նախագահ Թրամփը շարասյան շարժը դեպի ամերիկյան սահմաններ որակել է համազգային արտակարգ իրավիճակ: Նա սպառնացել է դադարեցնել օգնության տրամադրումը այս տարածաշրջանի երկրներին և անհրաժտության դեպքում օգտագործել ամերիկյան զինուժը Մեքսիակայի հետ սահմանն ամբողջապես փակելու համար, եթե շարասյունը չդադարի իր շարժը դեպի ԱՄՆ:

Դեմոկրատները կարծում են, որ այսպիսով նախագահը փորձում է շեղել հանրության ուշադրությունն այլ, մասնավորապես առողջապահության ոլորտին առնչվող հիմնախնդիրներից:

Ներգաղթյալների իրավունքների պաշտպանները մտահոգություն են հայտնում կապված ներգաղթյալների անվտագության հետ: Նրանց թվում կան շատ երեխաներ ու կանայք: Բացի այդ նրանք դժգոհություն են հայտնում, որ նախագահ Թրամփը որակում է նրանց որպես հանցագործներ:

«Կարծում եմ, շարասյունը դարձել է նախագահի համար միջոց ներգաղթյալների հասցեին ավելի կոշտ ու վիրավորական հռետորաբանություն օգտագործելու համար»,- ասում է Ռոյս Բերնշթեյն Մուրեյը՝ Ամերիկյան ներգաղթի խորհրդից:

Ըստ Ամերիկյան ներգաղթի խորհրդի, դեպի ԱՄՆ ներգաղթողների թիվը մնում է նույնը՝ չնայած այս շարասյանը: Ներգաղթյալների իրավունքները պաշտպանող խմբերը մտահոգություն ունեն, որ Թրամփը կօգտագործի այս շարասյունը՝ ոլորտում ավելի կոշտ քաղաքականություն կիրառելու համար:

Իսկ այդ ընթացքում անօրինական ներգաղթի հակառակորդները գտնում են, որ այս իրավիճակում հնարավոր է համախմբել հանրապետականների կողմնակիցներին և օգտագործել շարասյունը՝ սահմանային վերահսկողությունը ուժեղացնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG