Սաուդյան Արաբիան հայտարարում է, թե երկրի թագաժառանգ իշխան Մուհամեդ բին Սալմանը երկուշաբթի օրը հեռախոսով խոսել է սպանված լրագրող Ջամալ Հաշուգիի որդու հետ ու իր ցավակցությունը հայտնել դեպքի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Հաշուգին մահացել էր Ստամբուլ քաղաքում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո, հոկտեմբերի 2-ին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը խոստացել է այդ մասին մանրամասնություններ հայտնել երեքշաբթի օրը երկրի խորհրդարանում:
‘’Ես մանրամասնություններ եմ հայտնելու ոչ թե աստիճանաբար, այլ մանրամասնություններն ամբողջ ճշմարտությամբ’’, ասել է Էրդողանը:
Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի իր պաշտոնակցի հետ: Ինչպես Թուրքիայի պետական մամլո գործակալություններն են հաղորդում, նրանք ընդունել են, որ այս ‘’դեպքը պետք է պարզվի բոլոր հանգամանքներով’’:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Աբդել ալ Ջուբեիրն ամերիկյան ‘’Ֆոքս’’ կայանին տրված հարցազրույցում ասել է, թե Հաշուգիի սպանությունը մեծ սխալ է եղել, եւ որ բոլոր մեղավորները պետք է պատասխան տան կատարվածի համար:
Սաուդյան Արաբիան հայտարարում է, թե 59-ամյա Հաշուգին հոկտեմբերի 2-ին սպանվել է հյուպատոսարանում սկսված ձեռնամարտի ժամանակ, բացատրություն, որն արժանացել է միջազգային սուր քննադատության: ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, որը սկզբում կարծես ընդունում էր Սաուդյան Արաբիայի բացատրությունները, այժմ հայտարարում է, թե ‘’ակնհայտ է խաբեությունն ու սուտը’’: