Մատչելի հղումներ

Քաղաքական դավադրությունների դեպքում ժողովուրդն իր խոսքը կասի. Նիկոլ Փաշինյան


ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն: Ֆեսյբուք սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քաղաքական ուժերը այդ գործընթացին որևէ հակասող գործողություն չեն անի:

«Վաղը լրանում է իմ հրաժարականից հետո օրենքով սահմանված առաջին ժամկետը, արտահերթ ընտրությունների գնալու համար ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ: Գործող Սահմանադրությամբ Խորհրդարանի լուծարման այլ տարբերակ չկա: Կամ պետք է գնայինք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, և առանց վարչապետի հրաժարականի, լուծարեինք Խորհրդարանը, կամ պետք է գնայինք այն ուղիով, որով հիմա շարժվում ենք: Որոշեցինք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով չգնալ: Զգացի, որ կլինեն մեկնաբանություններ, թե երկու ձեռքով կառչում եմ վարչապետի աթոռից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ չէր կարող նման խոսակցությունների հիմք ստեղծել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր խմբակցությունները հայտարարել են վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին:

«Հարց է հնչեցվում, թե արդյոք այս ընթացքում դավադրություններ հնարավոր են: Տեսականորեն կարող են լինել դավադրություններ: Եթե դա արվի, ապա ժողովուրդն իր խոսքը պետք է ասի: Նույն ճանապարհով կդիմեմ ժողովրդին, կոչ կանեմ հավաքվելու ու իր խոսքն ասելու: Այնպես որ՝ հետևեք իրադարձություններին: Լինենք մշտական կապի մեջ, որ հարցերի վերաբերյալ արագ արձագանքենք, միմյանց հետ կայացնենք որոշումեր: Մի բան ակնհայտ է՝ պետք է գնանք արտահերթի, և հույս ունեմ՝ քաղաքական ուժերը դրան հակասող գործողություն չեն անի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG