Մատչելի հղումներ

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի դեսպանորդ Միսթուրան նոյեմբեր ամսից կթողնի պաշտոնը


Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանորդ Ջեյմս Ջեֆրին ասել է, թե որոշ զինյալներ, ըստ պայմանավորվածության, դուրս են բերվել Իդլիբի ռուս-թուրքական ապառազմականացված գոտուց, կանխելու համար կառավարական ուժերի կողմից ապստամբների վերջին այս դիրքերի ուղղությամբ զանգվածային գործողությունները։ Նրա խոսքերով, դուրս է բերվել ամբողջ ծանր հրետանին, որի հետ նաեւ՝ 7-ից 1Օ հազար զինյալներ։ ԱՄՆ-ի դեսպանորդը սիրիական պատերազմը համարում է սառեցված փուլում։ Օհայոյի պետական համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ալամ Փայինդն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե ինքը համաձայն է Ջեֆրիի այն գնահատականին, որ բուֆերային գոտին կարեւոր մի քայլ էր մարտերը դադարեցնելու գործում։

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի դեսպանորդ Ստաֆան դե Միսթուրան ասել է, թե հույս ունի հրավիրել փորձագետների հանձնաժողովի նիստ, որը կընդգրկի Սիրիայի կառավարության, երկրի ընդդիմության եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։ Նպատակը Սիրիայի հետպատարազմյան ժամանակաշրջանի համար նոր սահմանադրություն կազմելն է։

Միսթուրան պատրաստվում է հաջորդ շաբաթ վերադառնալ Դամասկոս՝ քննարկելու համար սահմանադրության նախագծի շուրջ առկա տարաձայնությունները։ Նրա խոսքերով, Իդլիբում անդորրը տալիս է սահմանադրական կոմիտե հաստատելու հնարավորություն, որն ունի երկրում քաղաքական կարգավորման հասնելու եւ ընտրություններ անցկացնելու նպատակ։

Միսթուրան հայտարարել է նաեւ իր պաշտոնը նոյեմբեր ամսից թողնելու մտադրության մասին։ Պատճառը, նրա խոսքերով, անձնական է։

XS
SM
MD
LG