Մատչելի հղումներ

ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով հերթական վճիռները. Մասիս Այվազյանը և Գրիգոր Ոսկերչյանը ՀՀ կառավարությունից փոխհատուցում կստանան


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2008թ. մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ձերբակալված և կալանավորված Մասիս Այվազյանի և Գրիգոր Ոսկերչյանի կալանքի օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գրիգոր Ոսկերչյանի դիմումի հիման վրա կայացրած վճռով ճանաչվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի խախտում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է, որ Գրիգոր Ոսկերչյանին և Մասիս Այվազյանին անազատության մեջ պահելու հիմնավորված և թույլատրելի հիմք չի եղել:

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Գրիգոր Ոսկերչյանին վճարել 3000, իսկ Մասիս Այվազյանին՝ 4500 եվրոյի փոխհատուցում:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը հրապարակել էր նույն գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի դիմումի վերաբերյալ վճիռը, որով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել էր Սաղաթելյանին վճարել 15 հազար 600 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 5000 եվրո՝ դատական ծախսերի դիմաց:

XS
SM
MD
LG