Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում


Մոսկվայի եւ Թեհրանի միջամտության արդյունքում Սիրիայում իրավիճակն առավել վտանգավոր է դարձել, Վաշինգտոնի ՍԵԹԱ կազմակերպության նախաձեռնությամբ անցած քննարկման ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտի վերլուծաբան Մոնա Յագուբյանը.

«Այսօր սիրիական հակամարտությունը գտնվում է առավել վտանգավոր փուլում հենց այն պատճառով, որ քաղաքացիական պատերազմն իր վերջնական փուլին է մոտենում»:

Վերլուծաբանի խոսքով, Ասադի իշխանության հետ ուղղակի աշխատանքի բացակայությունը դժվարացնում է Վաշինգտոնի առաքելությունը Սիրիայում: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նպատակները Սիրիայում անփոփոխ են մնում, ավելացնում է Մերձավոր Արեւելքի քաղաքականության Վաշինգտոնի կենտրոնի վերլուծաբան Էնդրյու Թաբլերը: Դրանք են՝ Դաեշի ոչնչացումը, Սիրիայի տարածքից Իրանի վտարումը եւ Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորումը: Նպատակներ, որոնք անհրաժեշտ է իրատեսական դիտարկել, ավելացնում է Յագուբյանը.

«Իրանի կողմից կառավարվող զինյալների հեռացումը Սիրիայից անշուշտ հասկանալի ցանկություն է, այլ հարց է՝ թե այն որքանով է իրատեսական»:

Իրականում, Իրանի ուժերի ներթափանցումը Սիրիայի ներքին կյանքի բոլոր ոլորտներում այսօր չափազանց բարձր է: Լուրջ մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել նաեւ Դաեշի ոչնչացմանը, ավելացնում են վերլուծաբանները: Դաեշից տարածքների ազատագրումը միայն առաջին քայլն է.

«Իրաքը մեզ ցույց տվեց, որ Դաեշի սոսկ ոչնչացումը ոչինչ չի տալիս. Եթե այդ ազատագրված տարածքներում կայունություն չես հաստատում, չես կարգավորում բնակիչների հիմնական խնդիրները եւ պարզապես ազատագրելուց հետո այնտեղից հեռանում ես, ապա այնտեղ շատ արագ կվերադառնան նույն խմբավորումները»:

Այս կապակցությամբ կարեւոր է շարունակել ամերիկյան օգնությունն ահաբեկիչներից ազատագրված տարածքների բնակչությանը, նշում է վերլուծաբանը: Ինչ վերաբերում է Ասադին, ապա նա ի վիճակի չէ լուծել մարդկանց խնդիրները, քանի որ չի վայելում սեփական քաղաքացիների աջակցությունը: Իրականում, նույնիսկ Ասադի վարչակարգի պայմաններում սիրիացիները շարունակում են նրա դեմ բողոքն արտահայտել՝ պարզապես լքելով Ասադի վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Մեկ այլ հանգամանք, որը վառ ապացուցում է Ասադի ցածր վարկանիշը, այն փաստն է, որ Սիրիայում ընդհանուր զորահավաք չի անցկացվում նույնիսկ Ասադի իշխանության տակ գտնվող տարածքներում, քանի որ այն կտապալվի, նշում է Էնդրյու Թաբլերը.

«Երբեմն Դամասկոսից մարդիկ են գալիս եւ փորձում համոզել, թե Ասադն ունի քաղաքացիների աջակցությունը: Եթե Ասադն ունի այդքան մեծ աջակցություն, ապա ինչու չի կարողանում համոզել իր քաղաքացիներին հավաքագրվել իր զինված ուժերում: Պատասխանը մեկն է՝ մարդիկ չեն ցանկանում կռվել Բաշար Ալ Ասադի նման մարդու համար»:

Facebook Forum

XS
SM
MD
LG