Երկու երկրների միջեւ հաստատված ապառազմանակացված գոտում երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ժամանակ Հարավային Կորեայի հինգհոգանոց պատվիրակությունը գլխավորել է միավորման հարցերով նախարար Չո Մյունգյունը: Նրանց դիմավորել է Հյուսիսային Կորեայի պատվիրակության ղեկավար, խաղաղ վերամիավորման հարցերով հանձնաժողովի նախագահ Ռի Սոն Գվոնը:
Վերջինս, ուրախությամբ խոսելով ավելի հաճախակի անցկացվող հանդիպումների կապակցությամբ, ասել է, որ կողմերն այժմ ավելի են վստահում միմյանց եւ կարող են բացեիբաց քննարկել ամբողջ կորեացի ժողովրդին առնչվող հարցեր:
‘’Հավատացած եմ, որ կարող ենք քննարկել ու հաստատել այն միջոցառումների շարքը, որոնք անհրաժեշտ են Պյոնգյանգի հռչակագիրն ուժի մեջ մտցնելու համար’’, ասել է նա:
Երկուշաբթի օրվա բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնվել են մինչեւ տարեվերջ սկսել միմյանց միջեւ երկաթուղային եւ ավտոմայրուղիների ցանցը նորացնելու համատեղ ծրագիր:
Հարավային ու Հյուսիսային Կորեաների պատվիրակությունները նաեւ համաձայնվել են սկսել բանակցություններ Կարմիր խաչի հովանու ներքո, քննարկելու համար Կորեական պատերազմի պատճառով բաժանված ընտանիքների խնդիրները լուծելու ուղիները:
Հիշեցնենք, որ Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընը եւ Հարավի նախագահ Մուն Ջաեինը սեպտեմբեր ամսին էին իրենց երրորդ գագաթաժողովի ժամանակ կայացրել միջսահմանային համագործակցությանը զարկ տալու որոշում: Նրանք համաձայնվել էին նաեւ տարբեր ծրագրերի միջոցով խաղաղություն հաստատել թերակղզում, թերակղզի, որը լինելու է զերծ` միջուկային զենքերից: