Մատչելի հղումներ

Արհեստական բանականությունը կարող է օգնել համաշխարհային սովի ցուցանիշը կրճատելու հարցում


Այս տարվա Համաշխարհային սննդի օրվա և ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության կազմակերպության նպատակն է՝ Աշխարհում վերացնել սովը մինչ 2030 թվականը:

Աշխարհում ամեն ինը բնակչից մեկը սովի է մատնված, և այդ ցուցանիշն աճում է: Սակայն դրա միակ պատճառն աղքատությունը չէ:

«Սովի ցուցանիշն աճում է նաև հակամարտությունների հետևանքով սկսված արտագաղթի և բնական աղետների պատճառով»,- ասում է ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրից Ռոբերտ Օփփը:

Համաշխարհային սովի մակարդակի դեմ պայքարում մարդասիրական կազմակերպությունները սկսել են օգտվել արհեստական բանականության տեխնոլոգիայից:

«Արհեստական բանականության տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում ընդարձակել իրականացվող քայլերի որակն ու ծավալը»,- հավելում է նա:

Արհեստական բանականությունը կարող է զարգացող երկրների ֆերմերներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրել պահանջվող բերքի, հակամարտող գոտիների և բնական աղետների հասցրած վնասների մասին:

«Այս տեղեկությունը ֆերմերներին հասանելի դարձնելով` կարող ենք նրանց օգնել հասկանալու, թե ինչ բերք է անհրաժեշտ, ինչպես է այն հարկավոր աճեցնել և տարվա որ ժամանակահատվածում»,- ասում է Բիլ և Մելինդա Գեիթս հիմնադրամից Յուի Սթյուարթը:

Մասնագետները հավաստիացնում են, որ նորագույն տեխնոլոգիաների և տեղեկատվության շնորհիվ կարելի է զգալիորեն նվազեցնել համաշխարհային սովի ցուցանիշը: Խնդիրն այն է, որ շատ զարգացող երկրներում նորագույն տեխնոլոգիաները հասանելի չեն, սակայն դա խոչընդոտներից միայն մեկն է:

«Սովի մատնված մարդկանց մեծ մասն անգլերեն չգիտի, այսինքն նույնիսկ, երբ մենք այս տեխնոլոգիան զարգացնենք, այն դեռ անհասանելի կմնա նրանց համար»,- ասում է Սթյուարթը:

Մարդասիրական կազմակերպությունները բոլոր գործարարներին քաջալերում են, նորագույն տեխնոլոգիաներ զարգացնելիս, հաշվի առնել նաև զարգացող և սովի բարձր ցուցանիշ ունեցող երկրների կարիքները:

XS
SM
MD
LG