Մատչելի հղումներ

EXPO-RUSSIA ARMENIA 2018 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին կմասնակցի տարբեր ոլորտների ավելի քան 100 ընկերություն


ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 17- 19-ը կանցկացվեն «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը և Երևանի բիզնես-ֆորումը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Expo Russia-Armenia 2018» ցուցահանդեսի տնօրեն Սվետլանա Զաբելինան նշեց, որ միջոցառումներին մասնակցելու են ընկերություններ ամենատարբեր ոլորտներից: Ներկայացված կլինեն ընկերություններ մեքենաշինության, էներգետիկայի, հանքաարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, բժշկության, կրթական և այլ ոլորտներից:

«Ավանդաբար միջոցառումներին բարձր մակարդակով մասնակցություն է լինում: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի գործադիր, օրենսդիր մարմինների անդամներ, դիվանագիտական հատվածի ներկայացուցիչներ: Այս տարի Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարելու է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Ցիբը»,-ասաց Սվետլանա Զաբելինան:

Միջոցառումների շրջանակում Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից և Բելառուսից իրենց ներուժը կներկայացնեն 100-ից ավելի ընկերություններ, որոնք խոշոր և փոքր բիզնեսից են: Սվետլանա Զաբելինան տեղեկացրեց, որ մասնակից ընկերությունների 50 տոկոսը նոր է: Հյուրեր են սպասվում Վրաստանից, Իրանից:

«Այս միջոցառումներն արդեն համարվում են լավ հարթակ տնտեսական, առևտրային հարաբերությունները զարգացնելու համար՝ ամրապնդելով նաև սոցիալական, մշակութային կապերը: Մասնակիցների համար մենք նախատեսել ենք 1000-ից ավելի առանձին հանդիպումներ»,-ասաց նա:

Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն կարևորեց «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի և Երևանի բիզնես-ֆորումի անցկացումը՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար:

«Իհարկե, մենք հետևում ենք, թե միջոցառումների շրջանակում հետագայում քանի ընկերություններ են կապեր հաստատել, սկսել համատեղ աշխատել: Այդպիսի արդյունքներ կան, սակայն, մի փոքր տխրեցնող է, որ ընկերությունները միմյանց հետ համագործակցության աշխատանքի մասին մեզ շատ ուշ են տեղեկացնում կամ չեն տեղեկացնում: Ես հաջողություն եմ մաղթում միջոցառումների ընթացքին, կարծում եմ, որ իսկապես լավ հնարավորություն է բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար»,-ասաց Անդրեյ Բաբկոն:

«Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Անատոլի Նիկոլաևը նշեց, որ նախատեսված է միջոցառումների բավական հագեցած օրակարգ:

«Պաշտոնական բացումից զատ, նախատեսված են ընդգրկուն բիզնես ծրագրեր, հանդիպումներ Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: «EXPO-RUSSIA ARMENIA»-ն ռուսական և արտասահմանյան ընկերությունների համար լավ հարթակ է հուսալի գործընկերներ գտնելու համար, հաստատելու ամուր կապեր և դուրս գալու նոր շուկաներ»,-ասաց նա:

Միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 17- 19-ը՝ «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում:

XS
SM
MD
LG