Մատչելի հղումներ

Թրամփն ու Էրսդողանը ստիպված են պարզել սաուդցի լրագրողի անհետացման պատճառը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գտնվում են ճնշման տակ՝ լրագրող Ջամալ Հաշուգի անհետացման վերաբերյալ Սաուդյան Արաբիայից բացատրություններ ստանալու կապակցությամբ: Թուրք իրավապահները կարծում են, որ վերջինիս սպանել կամ առևանգել են:

Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանության առջեւ դուրս եկած ցուցարարները բացատրություն են պահանջում լրագրող Ջամալ Հաշուգի անհետացման կամ հնարավոր սպանության մեղադրանքների վերաբերյալ: Կասկածներ կան, որ նա սպանվել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալմանի կարգադրությամբ:

Նախագահ Դոնալդ Թրամփն այս առիթով ասել է, որ խոսել է սաուդական կողմի հետ:

«Ես պետք է հասկանամ, թե ով է սա արել: Մարդիկ տեսել են, թե ինչպես է նա մտնում հյուպատոսություն, սակայն ոչ ոք չի տեսել, թե ինչպես է նա դուրս գալիս այնտեղից: Մենք պետք է լուրջ հետաքննություն իրականացնենք»,- նշել է նախագահը:

Միեւնույն ժամանակ թե՛ հանրապետական, եւ թե ՛դեմոկրատ օրենսդիրները պնդում են, որ Սաուդյան Արաբիան պատասխանատու է լրագրողի անհետացման գործում, եւ եթե դա այդպես է, ապա Թրամփի վարչակազմը պարտավոր է անհապաղ քայլերի դիմել։

«Սա մեր հարաբերություններում կարող է դառնալ լուրջ խնդիր: Ես միշտ աջակցել եմ Սաուդյան Արաբիայի հետ մեր բարեկամական հարաբերություններին: Նրանք լավ դաշնակից են եղել հետախուզական տվյալների փոխանակման առումով: Մենք ունենք ընդհանուր թշնամիներ ի դեմս Իրանի եւ արմատական իսլամի»,- նշել է հանրապետական սենատոր Լինսի Գրահամը:

«Եթե Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում օրինական բնակվելու իրավունք ունեցող անձին խաբեությամբ բերել է հյուպատոսություն և սպանել նրան, ապա ժամանակն է, որ ԱՄՆ-ը վերանայի իր ռազմական, տնտեսական ու քաղաքական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին:

Գործին ընթացք տալու ճնշումներ են գործադրվում նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդեպ՝ ինչպես նրա կողմնակիցներն, այնպես էլ հակառակորդների կողմից:

Թուրքական մամուլը հաղորդում է, որ 15 հոգուց բաղկացած սաուդական հատուկ ջոկատը անցյալ շաբաթ ժամանել է Թուրքիա եւ սպանել լրագրողին: Այսպիսի մեղադրանքները մարտահրավեր են Էրդողանին:

Ստեղծված իրավիճակը մարտահրավեր է նաեւ նախագահ Թրամփին, նշել է դեմոկրատ կոնգրեսական Ջերի Քոնոլին

«Սաուդյան Արաբիա կատարած իր առաջին արտերկրյա այցի ժամանակ, ԱՄՆ նախագահի ջերմ խոսքերը հավանաբար թյուր տպավորություն են ստեղծել, վերջիններիս մոտ, ենթադրելով, որ անկախ ամեն ինչից իրենք պատասխանատվության չեն ենթարկվի իրենց վարքագծի համար»,- նշել է կոնգրեսական:

Ամերիկայի Ձայնի տնօրեն Ամանդա Բենեթը իր հայտարարության մեջ նշել է, որ տեղի ունեցածը լուրջ սպառնալիք է, որին առերեսում են լրագրողներ աշխարհի տարբեր երկրներում: Հայտարարությունը կարևորում է ազատ մամուլի դերն ու լրագրողների անկաշկանդ գործունեության ապահովման անհրաժեշտությունը որպես ժողովրդավարության գրավական և կոչ անում ԱՄՆ-ի իշխանություններին համապատասխան արձագանք տալ տեղի ունեցածին:

Հիշեցնենք, որ Հաշուգին բնակվում էր ԱՄՆ-ում անցած տարվանից և հոդվածներ էր գրում The Washington Post թերթի համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG