Մատչելի հղումներ

Քավանոյի գործի քաղաքական հետևանքները


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տոնում է իր հաղթանակը՝ կապված Բրեթ Քավանոյի նշանակման հետ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում: Սակայն նշանակման ընթացքում ծագած սկանդալները կարող են անդրադարձ ունենալ քաղաքական պայքարին:

ԱՄՆ-ի Սենատում ավարտվեց Բրեթ Քավանոյի հաստատման գործընթացը, որի արդյունքում նրա թեկնածությունը հավանության արժանացավ: Հաստատումը սակայն անցավ բողոքի ցույցերի, սկանդալների ու թեժ քաղաքական պայքարի մթնոլորտում:

Նախագահ Թրամփը ողջունեց հաստատումը և կանխատեսեց հանրապետականների հաղթանակը գալիք նոյեմբերի ընտրություններում:

«Դեմոկրատների օգտին քվեարկելու համար պետք է ուղղակի ձանձրացած լինես հաղթանակներից»,-հայտարարեց նախագահը։

Դեմոկրատներն իրենց հերթին հստակ ուղերձ են հղում նրանց, ովքեր դեմ են դուրս եկել Քավանոյի թեկնածությանը:

«Բոլոր ամերիկացիներին, ովքեր ցնցված են տեղի ունեցածով, կոչ եմ անում քվեարկել: Եթե հավատում եք, որ Գերագույն դատարանը պետք է հարգի կանանց իրավունքները, ապա՝ քվեարկեք»,- ասում է սենատոր Չաք Շումերը:

Քավանոյի դեմ բողոքի շարժումը ցույց տվեց աշխուժություն դեմոկրատների ճամբարում: Սակայն հարցումները ցույց են տալիս, որ աշխուժություն է տիրում նաև հանրապետականների շրջանակներում՝ հաշվի առնելով Քավանոյի դեմ հարուցված մեղադրանքները:

«Մեր ընտրողները ոգևորված են: Մենք վերջապես գտանք մեր ընտրողներին ոգևորելու ճանապարհը: Մենք, ի տարբերություն դեմոկրատների, դրա մասին չէինք մտածում նախկինում»,- ասում է Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը:

Քավանոյի հաստատումն աշխուժացրեց հասարակական քննարկումները սեռական ոտնձգությունների վերաբերյալ, որոնք իրենց անդրադարձը կարող են ունենալ քաղաքական զարգացումների վրա:

«Ամերիկյան ժողովուրդը դասեր քաղեց, և նրանք այժմ բարձրաձայնում են, քանի որ պահանջում են փոփոխություններ»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Էմի Քլոբաչարը:

Հակառակ ճամբարը սակայն արձագանքում է, որ ամերիկյան ինստիտուտները կդիմադրեն այս ամենին:

«Սենատն ու երկիրը կվերապրեն այս ամենը: Մենք միշտ էլ այդպես ենք վարվել»,- ասում է սենատոր Մաքքոնելը:

Այսպիսով պահպանողական հայացքներ կրող Քավանոն որպես դատավոր շուտով կհամալրի Գերագույն դատարանի դատավորների կազմը: Իսկ վերջիներս պարտավոր են հեռու մնալ քաղաքականությունից:

Facebook Forum

XS
SM
MD
LG