Մատչելի հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածության լսումները Սենատում


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատման կարեւորագույն նախապայման է: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին այդ մասին հայտարարել է Ըրլ Լիթզենբերգեր, ում նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը հատուկ տարածաշրջան է.

«Աշխարհագրական եւ մշակութային խաչմերուկներում տեղակայված Հարավային Կովկասը Միացյալ Նահանգների կենսական շահերի շրջան է»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանն, Ըրլ Լիթզենբերգերգն ընդգծել է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, Վաշինգտոնն առաջնորդվում է երեք սկզբունքներով, հավելում է նա.

«Մենք աշխատում ենք երեք սկզբունքների շրջանակներում

1. Ուժի կիրառման կամ սպառնալիքի բացառում

2. Հարգանք տարածքային ամբողջականության նկատմամբ

3. Ժողովուրդների ինքնորոշման իրավունք

Ցանկացած կարգավորում, որը լիարժեք չներառի այս երեք սկզբունքները, հաջողություն չի ունենալու»:

Լսումների ընթացքում սենատոր Ռոբերտ Մենենդեզն անհանգստություն հայտնեց Բաքվի ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, որոնք, ըստ սենատորի, վտանգում են խաղաղ գործընթացը: Ըրլ Լիթզենբերգերգն այդ կապակցությամբ նշեց, որ դեսպանի պաշտոնին հաստատվելու դեպքում պատրաստ է աշխատել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ադրբեջանական կողմը ռազմատենչ հայտարարություններից խուսափի: Դիվանագետն ընդգծեց նաեւ, որ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությունը անվտանգության ոլորտում կենտրոնացված է ահաբեկչության դեմ պայքարի եւ Իրանի հետ սահմանի ամրապնդման վրա.

«Համագործակցության շրջանակներում մենք չափազանց զգույշ ենք։ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը սպառնացող որեւէ քայլ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG