Մատչելի հղումներ

Վարչապետ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մտադրության մասին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա: ՀՅԴ և ԲՀԿ կուսացությունները ներկայացնող նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը մտնի ուժի մեջ:

«Երբ նշված նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ, դրանից հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Նախ` որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից: Դրանից հետո 7+1 օրվա ընթացքում ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրվի նոր վարչապետ, պետք է ևս 7+1 օր ժամանակ անցնի, և ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրեց նոր վարչապետ, տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ: Բայց հրաժարականից հետո ողջ ընթացքում ես շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները. այդպես է ՀՀ Սահմանադրությամբ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին հորդորեց չստորագրել ԱԺ-ի կողմից այսօր ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները:

«Պետք է հանրապետության նախագահը ստորագրի այդ օրենքը կամ դիմի Սահմանադրական դատարան` դրա սահմանադրականությունը վիճարկելու համար: Կարծում եմ` ինձ կլիազորեք, որ ես հիմա այստեղից դիմեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` կոչ անելով, որ նա այդ օրենքը չստորագրի ու դիմի Սահմանադրական դատարան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ պատրաստվում է գնալ խորհրդարան` պատգամավորների հետ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

«2018թ.-ի ապրիլի 16-ին ես, որպես ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ուզում էի գնալ ԱԺ, հիմա ես, որպես ՀՀ վարչապետ, 24 ժամ իրավունք ունեմ մուտք գործել խորհրդարանի տարածք: Ես կգնամ, որպեսզի նաև բանակցեմ այնտեղ գտնվող պատգամավորների ու քաղաքական ուժերի հետ` ստեղծված իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ, և մենք դա կանենք սիրո ու համերաշխության մթնոլորտում»,- նշեց նա:

Facebook Forum

XS
SM
MD
LG