՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, ամենայն հավանականությամբ, մինչև տարվա վերջ ևս մեկ հանդիպում կունենան: Այսօր՝ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսին այդ մասին ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Խոսնակը հակիրճ էր, մանրամասներ չհայտնեց․ - «Մինչև տարվա վերջ ամենայն հավանականությամբ տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում: Այսքանը»:
Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով նախորդ հանդիպումը այս տարվա սեպտեմբերի 27-ին էր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Հանդիպման սկզբնական մասում ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող համանախագահները՝ Էնդրյու Շոֆերը, Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, տեղի էր ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։
Հայաստանում թավշյա հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել էին հուլիսին՝ Բրյուսելում։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, ապա այս ընթացքում նրանց միջև լիարժեք բանակցություններ չեն կայացել: Հունիսին՝ Մոսկվա կատարած այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ֆուտբոլային խաղից հետո՝ ԱՊՀ երկրների ղեկավարների համար կազմակերպած ընդունելության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է իրեն ու Ադրբեջանի նախագահին:
Անցած շաբաթ Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց ունեցան: Ըստ Հայաստանի վարչապետի, պայմանավորվել են, որպեսզի քայլեր ձեռնարկեն սահմանային լարվածությունը մեղմելու և հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ, արձանագրել են, որ Ղարաբաղի հարցը բանակցությամբ պետք է կարգավորվի, և պայմանավորվել են կողմերի միջև օպերատիվ կապ ստեղծել։ Ըստ էության, նույն տեղեկությունը հայտնեց նաև Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը: