Մատչելի հղումներ

Երևանի ավագանու ընտրությունները Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ. ՀՀ նախագահ


''Ազատություն՛՛ ռադիոկայան

Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների առթիվ։

Շնորհավորելով ընտրությունները Սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ՝ նախագահը նշել է, որ սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։

«Այս առումով բարձր եմ գնահատում մրցակից դաշինքների և կուսակցությունների, ինչպես նաև ընտրությանը չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները և շնորհավորեցին հաղթած ուժին», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, իր ուղերձում ասել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով. - «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ և ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը:

Մաղթում եմ Երևանի նոր իշխանություններին արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման և նրա բնակիչների բարեկեցության աճի»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեկ արտահերթ նիստում ամփոփեցԵրևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Ավագանու անդամների 65 մանդատը բաշխվեց երեք առաջատար ուժերի միջև՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ, և «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ:

Ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին։ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 848 հազար 346 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 370 հազար 368-ը կամ 43.66 տոկոսը: Ընտրություններին մասնակցած 12 քաղաքական ուժերից երևանցիներն իրենց առավելագույն քվեն տվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքին, որը ստացել է 294 հազար 92 քվե, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 հազար 218 քվեով, երրորդը «Լույս» դաշինքն է՝ 18 հազար 114 քվեով։

XS
SM
MD
LG