ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարեցների խնամքի հետ կապված նոր առաջարկություններով է հանդես գալիս: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը նշեց, ներդնում են տարեցների խնամքի այլընտրանքային ծառայություններ, որոնք պետք է լինեն տարեցների կարիքներին համապատասխան:
«Դրա համար մենք նախատեսել ենք նոր ծրագրեր՝ սոցիալական օգնականի ծառայությունը, շուրջօրյա դայակի օգնություն, առողջ ապրելակերպի ակումբների ստեղծում: Ներմուծել ենք խնամատար ընտանիքի գաղափարը: Այսինքն՝ ընտանիքներ լինեն, որոնք որոշակի վարձատրության դեպքում համաձայն կլինեն միայնակ տարեցների պահել: Այս պահին ուսումնասիրություն ենք կատարում, որ հասարակության շրջանում տեսնենք, թե կարծիքներն ինչպիսին են: Այս փորձը կար երեխաների պարագայում, ինչը փորձում ենք ներմուծել տարեցների ոլորտ»,-ասաց Անահիտ Գևորգյանը:
Անահիտ Գևորգյանը խոսեց մեկ այլ ծառայության մասին: Եթե տարեցը միայնակ է, անժառանգ է, ապա հնարավոր է իրեն ծառայություն մատուցվի իր իսկ բնակարանում, փոխարենը տարեցը բնակարանը նվիրում է պետությանը: Այս ծառայությունը ևս այլընտրանքային է: Անահիտ Գևորգյանը նշեց, որ համապատասխան գործիքակազմը կա, որ գործարքն արվի օրենքին համապատասխան և տարեցները խաբված չլինեն:
Տարեցների հիմնահարցերը միշտ եղել են և կլինեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ուշադրության կենտրոնում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բնակչություն և զարգացում ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը նշեց, որ բազում հետազոտություններ են իրականացրել տարեցների հիմնախնդիրները բացահայտելու ուղղությամբ:
«Արդեն այլընտրանքային ծառայությունների մատուցման ժամանակը եկել է: Տնային սպասարկում, տուն այցի ինստիտուտի ներդրում, փոքր խնամքի տներ և այլ ծառայություններ, դրանք կարող են լինել և՛ անվճար, և՛ վճարովի, և՛ համավճարովի: Տարեցները հիմնականում ցանկանում էին ստանալ անվճար հիմունքներով: Սպասելի էր, որովհետև նրանցից շատերը ոչ լավ սոցիալական վիճակում են, ինքնուրույն ի վիճակի չեն հոգալ իրենց ծախսերը»,-ասաց նա:
«Տարեցների խնամքի և առողջության ապահովման ասոցիացիա»-ի նախագահ Արթուր Թորոսյանը կարևոր համարեց տարեցներին խնամքի ծառայություն մատուցող կազմակերպությունների թվի ավելացումը:
«Դա իր հերթին կբերի մրցակցության, որն էլ կհանգեցնի ծառայությունների որակի բարձրացմանը: Միայն մեկ կամ երկու կազմակերպության առկայությունը, կամ միայն պետության գործառույթները քիչ են խնդիրները լուծելու համար: Մրցակցությունը բոլոր դեպքերում խրախուսվում է»,-հավելեց Արթուր Թորոսյանը: