Մատչելի հղումներ

Հայաստանը մասնակցեց ՄԱԿ-ի առողջապահության ոլորտի քննարկումներին


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Նյու Յորքում տեղի ունեցան քննարկումներ առողջապահության ոլորտի վերաբերյալ: Դրանց մասնակցեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է վերջերս կայացած ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում առողջապահության ոլորտին առնչվող քննարկումներին: Հայաստանն այստեղ ներկայացնում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հանդես եկավ ելույթով աշխարհում տուբերկուլյոզ հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ քննարկմանը: Իր ելույթում նախարարն ընդգծեց, որ չնայած այս հիվանդության դեպքերի զգալի կրճատմանը, այն շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ:

«Այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առաջին անգամ տեղի ունեցավ տուբերկուլյոզի գծով բարձր մակարդակի քննարկում»,- շեշտեց նախարարը:

Թորոսյանը տեղեկացրեց, որ վեհաժողովի շրջանակում տեղի ունեցան նաև քննարկումներ ոչ վարակիչ հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ: Վեհաժողովը երկրների համար լավ հարթակ է փորձի փոխանակման տեսանկյունից:

«Այս վեհաժողովի ընթացքում երկրները ներկայացնում են իրենց խնդիրները, ձեռքբերումները, ինչպես նաև լսում այդ խնդիրների լուծման ուղիների մասին՝ օրինակներ վերցնելով այդ խնդիրները հաղթահարած երկրներից»,- նշում է նախարարը:

Վեհաժողովի շրջանակում Հայաստանի առողջապահության նախարարն ունեցել է հանդիպումներ առողջապահական ոլորտի միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց հետ Հայաստանը մշտական երկխոսության մեջ է:

«Մենք աշխատում ենք գրեթե բոլոր միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ: Հատուկ պայմանավորվածություններ այստեղ ձեռք չեն բերվել, քանի որ դրանք ձևավորվում են ուղիղ երկկողմանի բանակցությունների միջոցով»,- նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանը տուբերկուլյոզի ու ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի գծով համագործակցում է «Գլոբալ հիմնադրամի» հետ: Համատեղ օրակարգ է ձևավորված Կարմիր խաչի ու այս վեհաժողովի համակազմակերպիչ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Վերջինս Հայաստանին է տրամադրում տեխնիկական աջակցություն և ֆինանսավորում մի շարք ծրագրեր:

Վեհաժողովի աշխատանքների ընթացքում նախարարը հանդիպումներ է ունեցել նաև այլ երկրների իր գործընկերների հետ՝ տարբեր առողջապահական ոլորտի ծրագրեր քննարկելու համար:

«Ձեռք բերվեցին մի շարք նախնական պայմանավորվածություններ տարբեր երկրների հետ: Ես խոսեցի Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ ոչ վարակիչ հիվանդությունների գծով համատեղ ծրագիր իրականացնելու մասին: Վարակիչ հիվանդությունների մասով մենք արդեն համագործակցում ենք, ու Ռուսաստանը մեզ աջակցում է օրինակ ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի դեմ պայքարում»,- հայտնեց Թորոսյանը:

Նա նշեց, որ քննարկումներ են եղել նաև այլ երկրների իր գործընկերների հետ համատեղ օրակարգի ձևավորման շուրջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG