''Ազատություն'' ռադիոկայան
Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը չի հերքում, որ լրատվամիջոցներում հրապարակված՝ Հայաստանի դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց ցանկը համապատասխանում է իրականությանը:
Աղմկահարույց ցանկում են հանրապետության երկրորդ ու երրորդ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ոչ միայն զավակների, հարսների, թոռների, այլև անգամ՝ խնամիների անուն-ազգանունները:
«Ազատության» հարցին՝ հաստատո՞ւմ կամ հերքու՞մ է ցանկի իսկությունը, Տիգրան Բալայանը միայն պատասխանեց․ - «Ցանկի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ տալիս»:
Երկու օր առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց՝ չեղարկվել են 254 հոգու դիվանագիտական անձնագրեր, իսկ 100-ից ավելի դիվանագիտական անձնագրեր վերադարձվել են այն անձանց կողմից, ովքեր այլևս իրավունք չունեն կրել դիվանագիտական անձնագրերը:
Մամուլում հրապարակված ցանկում ընդգրկված են Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի, ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նրա տիկնոջ Զարուհի Քոչարյանի, կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի և նրա տիկնոջ երգչուհի Սիրուշոյի՝ Սիրանույշ Քոչարյանի, երկրորրդ նախագահի անգամ թոռների՝ Էմմա, Բելլա, Անի, Դավիթ, Միքայել Քոչարյանների անուն-ազգանունները: Ցանկում են Ռոբերտ Քոչարյանի խնամիների՝ երգչուհի Սիրուշոյի ծնողների՝ դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի անուն-ազգանունները: Ցանկում է նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի անուն-ազգանունը:
Նույն պատկերն է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում: Ցանկում են նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի, փեսայի՝ Հայկ Խաչատրյանի, թոռների՝ Ռիտա, Սերժ, Տիգրան Խաչատրյանների անուն-ազգանունները: Առկա են նաև Հանրապետական կուսակցության առաջնորդի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի անուն-ազգանունները:
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է մարդու առևանգման և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, և նրա նկատմամբ Հայաստանի ոստիկանությունը միջազգային հետախուզում է հայտարարել: