ԱՄՆ-ի նախագահը Նյու Յորքում իր աջակցությունն է հայտնել Գերագույն դատարանի դատավորի թեկնածու Բրեթ Քավանոյին՝ չնայած վերջինիս հասցեին հնչեցրած սեռական ոտնձգության մեղադրանքների: Նախագահը քննադատել է նաև դեմոկրատներին:
«Նրանք շատ լավ դերասաններ են: Տեղյակ լինելով այս անձի մարդկային որակների մասին՝ փորձում են վարկաբեկել նրան և նրա հեղինակությունը: Ընտրությունների ընթացքում պարզ կդառնա, թե ինչպիսի վնաս են հասցրել նրանք այս ընտանիքին, իրենց երեխաներին ու նրա տիկնոջը: Այս ամենը մեծ սուտ է»,- նշել է նախագահ Թրամփը:
Քավանոն վկայություն տվեց ԱՄՆ-ի Սենատում իրեն մեղադրող Քրիստին Ֆորդի հետ, ով պնդում է, որ 1980-ականներին նա ենթարկվել է սեռական ոտնձգության Քավանոյի կողմից:
Քավանոն հերքում է մեղադրանքները, սակայն դեմոկրատները շարունակում են պնդել, որ անհրաժեշտ է անցկացնել ծավալուն հետաքննություն:
«Անհրաժեշտ է ընթացքում լսել բոլորին: Այնպես չէ, որ Քրիստին Ֆորդին լսելուց հետո, անմիջապես պետք է քվեարկենք: Դա արդարացի չէ»,- նշել է դեմոկրատ սենատոր Մարկ Վորները:
Իրենց հերթին հանրապետականները մեղադրում են դեմոկրատներին Քավանոյի միջոցով քարոզչություն իրականացնելու մեջ:
«Կարծում եմ՝ դեմոկրատների հիմնական նպատակն է եղել ի սկզբանե տապալել Քավանոյի առաջադրումը, դրան հասնելու համար, ինչպես տեսնում ենք, նրանք դիմում են բոլոր միջոցների»,- ասում է հանրապետական սենատոր Ջոն Թյունը:
Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը հայտնել է, որ Քավանոյի թեկնածության մասին քվեարկությունը դատական հարցերով հանձնաժողովում կկայանա ուրբաթ օրը, սակայն դեմոկրատներն ընդդիմանում են այս մոտեցմանը և սպառնում, որ Քավանոյի թեկնածության քվեարկությունն այս պահին կունենա քաղաքական հետևանքներ:
Քավանոյի թեկնածության դեմ ցույցեր են ընթանում ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև: Ցուցարարները պահանջում են դեռևս չկողմնորոշված սենատորներից դեմ քվեարկել Քավանոյի թեկնածությանը:
ԱՄՆ-ի Սենատի դատական հարցերով հանձնաժողովում հինգշաբթի օրը կայացած լսումների ընթացքում, պատասխանելով հանձնաժողովի անդամ սենատորների հարցերին, Քավանոյին մեղադրող Քրիսթին Ֆորդը կրկին հնչեցրել է նույն մեղադրանքներն ընդդեմ Քավանոյի՝ մանրամասներ տրամադրելով այս գործի առնչությամբ: Նա նշել է, որ վախենում էր, որ Քավանոն կարող է իրեն բռնաբարել կամ անգամ սպանել: Ֆորդը բացառել է որևէ սխալ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող անձի ինքնության հարցում՝ ընդգծելով, որ հարյուր տոկոսով վստահ է, որ այդ անձը Բրեթ Քավանոն է:
Իր հերթին Քավանոն կտրականապես հերքել է իր հասցեին ուղղված սեռական ոտնձգություն իրականացնելու բոլոր մեղադրանքները: Հիշեցնենք, որ Քրիսթին Ֆորդից բացի նմանատիպ մեղադրանքներով Քավանոյի հասցեին հանդես են եկել Դեբորահ Ռամիրեսը և Ջուլիա Սվետնիկը:
Լսումների ընթացքում Քավանոն այդ մեղադրանքները որակել է խեղկատակություն: Դատախազ Ռեյչել Միտչելի մի շարք հարցերին նա տվել է կարճ «ոչ» պատասխան: Իր խոսքում Քավանոն նշել է, որ ողջունում է ամեն տեսակի հետաքննություն այս հարցի շուրջ՝ ընդգծելով, որ այս գործընթացը մեծ ցավ ու վնաս է պատճառել իր ընտանիքին: Լսումները շարունակվեցին մինչև հինգաշբթի ուշ երեկո:
Քավանոյի թեկնածության հաստատման պարագայում ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորների շրջանում մեծամասնություն կկազմեն պահպանողական հայացքներ ունեցող դատավորներ: Նրա թեկնածության վերաբերյալ վերջնական քվեարկությունը կարող է կայանալ հաջորդ շաբաթ:
Facebook Forum