Մատչելի հղումներ

Թրամփը մեղադրել է Չինաստանին ամերիկյան ընտրություններին խառնվելու մեջ


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում իր մամլո ասուլիսի ընթացքում քննադատել է Իրանի միջուկային համաձայնագիրն ու մեղադրել Չինաստանին ամերիկյան ընտրություններին ներգրավված լինելու մեջ:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանին չի գոհացնում այն փաստը, որ ամերիկյան կողմն առավելության է հասնում առևտրային հարաբերությունների վերաբերյալ բանակցությունների, ինչպես նաև վարչակազմի կողմից սակագները ի շահ ԱՄՆ-ի օգտագործելու հարցում։

«Նրանք ցանկանում են, որ ես պարտվեմ ընտրությունների ժամանակ, քանի որ ոչ ոք նախկինում նրանց առջև չի բարձրացրել նման հարցեր: Սակայն ես ցանկանում եմ, որ Չինաստանի շուկան բաց լինի մեր ֆերմերների, արտադրողների և ընկերությունների համար»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Նա կրկին քննադատության է ենթարկել Իրանի միջուկային համաձայնագիրը, որից Միացյալ Նահանգները դուրս էր եկել այս տարվա մայիսին:

Անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հարցին՝ նախագահը նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցությունները եղել են արդյունավետ և նախատեսվում են նոր հանդիպումներ:

«Նա ցանկանում է համաձայնություն կնքել, և ես դեմ չեմ դրան: Մենք ունենք բավականին լավ հարաբերություններ»,- տեղեկացրել է նախագահը:

Խոսելով ներքաղաքական խնդիրներից, մասնավորապես Գերագույն դատարանի դատավորի իր թեկնածու Քավանոյի և նրան ուղղված սեռական ոտնձգության մեղադրանքների մասին՝ Թրամփը տեղեկացրել է, որ մեղադրանքներ ներկայացնող կինը հանդես կգա Սենատի լսումներին:

«Այդ կնոջը տրվում է խոսելու լավ հնարավորություն»,- նշել է Թրամփը:

Նա նաև հայտնել է, որ նախատեսված է իր հանդիպումը Գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնի հետ: Վերջին շրջանում հաճախ է խոսվում վերջինիս հնարավոր պաշտոնանկության մասին:

«Ես կգերադասեմ, որ նա շարունակի աշխատել և ավարտի գործը»,- ասել է նախագահը:

Թրամփը կրկին ընդգծել է, որ իր քարոզչական թիմի ու Ռուսաստանի միջև չի եղել որևէ համագործակցություն ընտրության օրերին:

Facebook Forum

XS
SM
MD
LG