Մատչելի հղումներ

Եվրամիության ներկայացուցիչ. Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցելու կարեւոր օրինակ է հանդիսանում


Հայաստանն այն եզակի երկրներից է, որ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարողացել է ամուր հարաբերություններ նախաձեռնել Եվրամիության հետ, Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը:

«Մեր շահերից է տեսնել կայուն, անկախ եւ ժողովրդավար Հայաստան, աջակցել երկրի տնտեսական աճին եւ ամրապնդել անկախ դատական համակարգը: Այս հարցերին վարչապետ Փաշինյանն ինքը մեծապես աջակցում է»:

Հանի խոսքով, Հայաստանի վարչապետի հետ քննարկել է երկու կողմերի միջեւ ստորագրված համագործակցության համապարփակ ծրագրի իրականացման ընթացքը: Օրակարգի մեկ այլ կարեւոր հարց էր Հայաստանում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները: 2019-ի գարնանը նախատեսվող այս ընտրություններն ըստ Նիկոլ Փաշինյանի կարող են ավելի շուտ տեղի ունենալ:

«Կարծում եմ, դա ճիշտ քայլ է ներկա կառավարության կողմից՝ արտահերթ ընտրություններ անցկացնելով քաղաքացիներից կվազիլեգիտիմություն հայցել: Ու նաեւ այս ոլորտում մենք կարող ենք էլ ավելի զարգացնել մեր համագործակցությունը»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հիմնած Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնակցության խնդրին՝ Յոհանես Հանն ընդգծեց, որ այն ոչ միայն չի խոչընդոտում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանն այլ, իր իսկ խոսքերով՝ ընդհակառակը.

«Հայաստանը Ղազախստանի հետ միասին կարեւոր օրինակ է հանդիսանում, որ լինելով Եվրասիական միության անդամ ի վիճակի էր բանակցել եւ կնքել մեր, Եվրամիության հետ, համապարփակ պայմանագիր, որի նպատակն է զարգացնել ոչ միայն տնտեսական համագործակցությունը, այլեւ համագործակցությունն այլ ոլորտներում»:

Չորեքշաբթի Հայաստանի վարչապետը Նյու Յորքից մեկնում է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների գագաթաժողովի աշխատանքներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG