Մատչելի հղումներ

Ամերիկահայ օրակարգը կքննարկվի ԱՄՆ-ի Կոնգրեսում


Ամերիկայի հայկական համագումարը կազմակերպել է քարոզչական համաժողով, որի ընթացքում կազմակերպության անդամներն ու պատվիրակները ԱՄՆ-ի կոգրեսականների հետ կքննարկեն ամերիկահայ օրակարգը:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մեկնարկեց Ամերիկայի հայկական համագումարի քարոզչական համաժողովը:

«Համաժողովի նպատակներից է վստահ լինել, որ ԱՄՆ-ի կոնգրեսականները, ներառյալ Կոնգրեսի այն անդամները, որոնց ընտրատեղամասերում ամերիկահայությունը մեծ թիվ չի կազմում, տեղեկացված լինեն ամերիկահայությանը հուզող խնդիրների մասին»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Համաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն են ժամանել կազմակերպության բազմաթիվ անդամներ ու աջակիցներ: ԱՄՆ-ի կոնգրեսկանները պատրաստվում են ընդունել և վերջիններիս հետ քննարկել ամերիկահայության օրակարգը:

«Մեզ են միացել ԱՄՆ-ի տարբեր նահանգներից մի քանի հարյուր անդամներ, ովքեր կհանդիպեն ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ՝ ամերիկահայությանը հուզող հարցերը քննարկելու համար»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթահը:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթահն ընդգծում է այս նախաձեռնության կարևորությունը հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման ու ամերիկահայության քաղաքական օրակարգի առաջ մղման համար: Նա ընդգծում է այս հանդիպումների ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 220 բանաձևի քննարկման կարևորությունն ու ամերիկացի օրենսդիրների շրջանում Հայաստանում քաղաքական վերջին զարգացումների մասին տեղեկացվածության բարձրացումը:

«Մեզ համար կարևոր է ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ քննարկել, թե ինչպես կարելի է ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները, դիմել նրանց խնդրանքով՝ աջակցելու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 220 բանաձևը, ինչպես նաև տեղեկացնել նրանց Հայաստանում թավշյա հեղափոխության մասին»,- ասում է Թոթահը:

Իր հերթին Բրայան Արդունին ևս ընդգծում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև քաղաքական և տնտեսական ծավալուն օրակարգի առկայությունը՝ ընդգծելով ներդրումների խրախուսման ու առևտրային կապերի խորացման, Սիրիայից փախստականներին մարդասիրական օգնության տրամադրելու, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի սահմանամերձ գոտիների վերաբերյալ հարցերը: Այս և շատ այլ հարցեր ընդգրկվել են ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ հանդիպումների օրակարգում:

«Կարծում եմ բոլոր ասպարեզներում էլ առկա է հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու հնարավորություն», - նշում է Արդունին:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել էին քննարկումներ մի շարք արդիական և պատմական թեմաների շուրջ, որոնց թվում էր Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավիճակի մասին քննարկումը:

«Այս խնդիրն ուղիղ և պատմական առնչություն ունի հայության հետ: Չափազանց ոգևորիչ է, որ ամերիկյան եկեղեցիներն անում են առավելագույնն այսօր Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,- ասում է Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:

Քննարկվող այլ թեմաներից էին Սմիթսոնյան վերջին փառատոնի արդյունքներն ու Առաջին հանրապետության օրերին Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի, հայտնի որպես YMCA, կառույցի անդամների Հայաստանում ծավալած գործունեությունը: Վերջին թեմայի մասին զեկուցող, Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը կարևորում է այս գործիչների թողած հուշերը՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին օգնության տրամադրման պատմական փորձն ուսումնասիրելու տեսանկյունից: Նա տեղեկացրեց, որ այս թեմայի շուրջ Հայկական ազգային ինստիտուտը նախաձեռնել է թվային ցուցահանդես:

«Այս երկու երիտասարդները գտնվել են Հայաստանում այդ օրերին և ներկա են եղել Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրմանը: Այն ամենն, ինչ նրանք տեսել են ու դրա վերաբերյալ թողել հուշեր, անմիջականորեն կապված է Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի հետ»,- ասում է Ադալյանը:

Համաժողովի ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի անդամներին ու աջակիցներին համապատասխան տեղեկություն տրամադրվեց ամերիկացի օրենսդիրների հետ հանդիպման համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG