Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնի շուրջ լարվածությունն ուժգնանում է


ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում նախագահ Թրամփի ներկայացրած թեկնածու Բրեթ Քավանոն ասում է, թե չնայած սեռական ոտնձգությունների մասին իր դեմ ներկայացված մեղադրանքներին, ինքը չի հրաժարվում իր թեկնածությունից։ Նրա թեկնածության շուրջ լարված քննարկումներ են անցնում երկրի Կոնգրեսում։

Քավանոն հայտարարում է, թե ինքը թույլ չի տա, որ սուտ մեղադրանքներն իրենց ներգործությունն ունենան դատավորի պաշտոնում նշանակվելու հանգամանքի վրա։

Նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած թեկնածու Քավանոյի դեմ վերջերս մեղադրանքով հանդես եկած Քրիսթի Ֆորդը հայտարարում է, թե Քավանոն իր նկատմամբ սեռական ոտնձգության է դիմել ավագ դպրոցում սովորելու տարիներին։ Մեղադրանքներին է միացել եւս մեկ կին, որն ասում է, թե ինքն էլ Յեյլի համալսարանում է նման ոտնձգության ենթարկվել Քավանոյի կողմից։
Քավանոն հերքում է մեղադրանքները։ Նա նամակ է հղել երկրի կոնգրեսականներին՝ պնդելով, թե դրանք իրեն ՝՝ոչնչացնելու՛՛ փորձեր են։

Քավանոյին պաշտպանող հայտարարությամբ է ՄԱԿ-ում հանդես եկել նախագահ Թրամփը։ ՝՝Քավանոն արտակարգ անձնավորություն է։ Եվ ես կանգնած եմ նրա կողքին՛՛, հայտարարել է նա։

Քավանոյի նշանակման դեմ Վաշինգտոնում անցկացված ցույցի մի քանի մասնակիցներ են ձերբակալվել։ Սակայն բողոքի ցույցի վանկարկումները հասել են կոնգրեսականներին։

Հանրապետականներն այս ալիքը համարում են դեմոկրատների ՝՝արատավոր արշավ՛՛։
Ինչպես Սենատում մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելն է ասել, ՝՝դեմոկրատները փորձում են մարդու անցած անձնական եւ մասնագիտական կյանքը ոչնչացնել մի քանի տասնամյակ հնություն ունեցող մեղադրանքների հիման վրա՛՛։

Դեմոկրատները պահանջում են նշանակման գործընթացը հետաձգել, մինչեւ մեղադրանքների շուրջ հետաքննության եզրակացությունը։
Քավանոյի առաջին մեղադրողը Կոնգրեսում վկայությունն է տալու հինգշաբթի օրը։ Լսումների ժամանակ կոնգրեսականների հարցերին է պատասխանելու Քավանոն։
Ինչպես վերլուծաբաններն են ասում, եթե Քավանոն հաստատվի այս պաշտոնում, Գերագույն դատարանի գաղափարական հավասարակշռությունը կխախտվի եկող մի քանի տասնամյակներում։

XS
SM
MD
LG