Մատչելի հղումներ

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները


''Ազատություն'' ռադիոկայան

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հաջորդ օրը՝ ինչպես օրենքն է սահմանում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ գումարեց և ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները։

Արձանագրությունը կազմված է, կնիքով վավերացված։ Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցած 12 քաղաքական ուժերից ևրևանցիներն իրենց առավելագույն քվեն տվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքին։ Նրանց քաղաքապետի թեկնածուն դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանն է։

294 հազար 109 քվեներով «Իմ քայլը» դաշինքն այս պահին բացարձակ առաջատարն է։ Երկրորդ հորիզոնականում «Բարգավաճ Հայաստանն» է, որը ստացել է 25 հազար 219 թվե և եռյակը եզրափակում է «Լույս» դաշինքը՝ 18 հազար 112 քվեով։ Մնացած 9 քաղաքական ուժերը անգամ չեն հաղթահարել անցողիկ շեմը և հավաքել են 1 տոկոսից մի փոքր ավել կամ պակաս ձայներ։

Հարցին, թե ինչպես են բաշխվելու մանդատները նորընտիր ավագանիում, ԿԸՀ նախագահը դեռ չի շտապում պատասխան տալ։ Ասում է, որ սեպտեմբերի 30-ին՝ վերջնական ամփոփումից հետո միայն այդ մասին կհայտարարեն․ - «Յուրաքանչյուր գործառույթ ունի իր հստակ իրականացման ժամանակը: Եվ բացի դրանից, մինչև ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը կան գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն: Եվ բնական է, այս փուլում որևէ նման կանխատեսում չպետք է անել, որովհետև, երբ արդեն ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունն է կազմվում, դրա հիման վրա արդեն իրականացվում է մանդատների բաշխումը»:

Երևանի ավագանու անդամների 65 մանդատ, որոնք, դատելով նախնական արդյունքներից, բաշխվելու են երեք առաջատար ուժերի միջև։ Ըստ Ընտրական օրենսգրքում ներկայացված մեխանիզմի, ստացվում է, որ «Իմ քայլը» դաշինքը ավագանիում ունենալու է 57 մանդատ,, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 5, իսկ «Լույս»-ը՝ 3 մանդատ։

XS
SM
MD
LG