Ուրբաթ օրը Թուրքիան հայտարարել է, որ ''չափավոր ընդդիմության՛՛ անդամներին Իդլիբից հեռացնելու փորձերը անընդունելի են: Դրա մասին է հայտարարել Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալին:
«Շատ կարևոր է աջակցել, ամրապնդել և պաշտպանել երկրի չափավոր ընդդիմությունը, քանի որ այս զարգացումները կբացահայտեն, թե ովքեր են մասնակցելու բանակցություններին: Մենք ասել ենք, որ յուրաքանչյուր քայլ, միտված վերջիններիս անտեսմանը կամ նրանց թոլացմանն ու վերացմանը, ահաբեկչության դեմ պայքարի տրամաբանության ներքո, անընդունելի է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը:
Թուրքիան համաձայնության է հասել Ռուսաստանի հետ Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ, որի վերահսկողությունն Անկարան կիրականացնի Ռուսաստան հետ միասնաբար:
Միացյալ Նահանգներն ու Թուրքիան գրեթե հասել են համաձայնության Սիրիայի Մանբիջի տարածքում միասնական վերահսկողություն իրականացնելու հարցում: Ըստ մամլո խոսնակի, շուտով այստեղ կմեկնարկեն միասնական զորավարժություններ և անվտանգության ապահովման միասնական գործողություններ:
Սակայն Անկարան շարունակում է մտահոգ լինել քրդական զորամիավորումների հետ կապված հարցում:
«ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են կապեր պահպանել քրդական զորամիավորումների հետ, որն անհանգստացնում է մեզ: Մենք բազմիցս նշել ենք դրա մասին, սակայն կրկին ցանկանում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է , որ խաղաղ գործընթաց իրականացնելու հետ մեկտեղ, ամերիկյան կողմը շարունակում է ռազմական, ֆինանսական, քաղաքական և լրատվական օժանդակություն ցուցաբերել քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությանն ու Ժողովրդական պաշտպանության զորամիավորմանը»,- ասում է Քալին:
Այս հարցի շուրջ տարաձայնությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության հիմնական պատճառներից մեկն է:
Facebook Forum