Մատչելի հղումներ

Թրամփի առաջադրած Գերագույն դատարանի դատավորի թեկնածուն մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ


ԱՄՆ-ի Սենատում շարունակվում են տարաձայնություններ Գերագույն դատարանի դատավորի թեկնածու Բրեթ Քավանոյի վերաբերյալ: Վերջինս հերքել է Քրիսթին Ֆորդի մեղադրանքները: Դեմոկրատները պահանջում են հետաքննություն այս հարցի վերաբերյալ, հանրապետականները դեմ են հետաքննությանը:

Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է աջակցել իր առաջադրած Գերագույն դատարանի դատավորի թեկնածուին, չնայած վերջինիս հանդեպ հարուցված սեռական ոտնձգության մասին մեղադրանքին։

Երկուշաբթի օրը պրոֆեսոր Քրիսթին Ֆորդը վկայության համար հրավիրվել էր Սենատի դատական հարցերով հանձնաժողով:

Վերջինս պնդում է, որ նախքան հանձնաժողովի նիստին մասնակցելը Դաշնային հետաքննության բյուրոն պետք է հետաքննություն անցկացնի սեռական ոտնձգության իր մեղադրանքի շուրջ:

Դեմոկրատներն աջակցում են Ֆորդի պահանջին:

«Փաստը, որ նա ստիպված է եղել պաշտպանել իր երեխաներին մահվան սպառնալիքներից և նման դրսևորումներից հանդիսանում է հիմնական պատճառ, թե ինչու են սովորաբար լռում սեռական ոտնձգության զոհերը»,- ասում է դեմոկրատ սենատոր Քիրսթեն Գիլիբրանդը:

Սակայն հանրապետականները հակադարձում են, որ սեռական ոտնձգության վերաբերյալ մեղադրանքներն առաջ են եկել Քավանոյի թեկնածության վերաբերյալ երկարատև լսումներից հետո:

«Դատավոր Քավանոն պատասխանել է շուրջ 1300 գրավոր հարցերի, նա հանդիպել է 65 սենատորների հետ վերջին երկու ամիսների ընթացքում, այս հարցի վերաբերյալ մինչև անցած շաբաթ չեն եղել որևէ ակնարկներ»,- ասում է հանրապետական սենատոր Ջոն Թյունը:

Հանրապետական մեկ այլ սենատոր Լիզա Մուրկովսկին պնդում է, որ անհրաժեշտ է լսել երկու կողմերին:

Իրավական հարցերով փորձագետները գտնում են, որ սեռական ոտնձգության վերաբերյալ մեղադրանքները կասկածի տակ են դրել Քավանոյի նշանակումը Գերագույն դատարանի դատավորի ցմահ պաշտոնին:

«Կարծում եմ մեղադրանքը կհամախմբի դեմոկրատներին ընդդեմ Քավանոյի թեկնածության: Հաշվի առնելով, որ հանրապետականներն ունեն չնչին առավելություն հանձնաժողովում, մի քանի հանրապետականների տատանումը կարող է տապալել թեկնածուի հաստատումը»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի փորձագետ Փոլ Բերմանը:

Քավանոյի թեկնածությունն առաջ է քաշվել դատավոր Էնթոնի Քենեդիի թոշակի անցնելուց հետո: Վերջինիս նշանակմամբ պահպանողականները ձեռք կբերեն մեծամասնություն Գերագույն դատարանի կազմում:

Facebook Forum

XS
SM
MD
LG