Մատչելի հղումներ

Աշխատանք է տարվում Փաշինյան-Թրամփ հանդիպման ուղղությամբ․ արտգործնախարար


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր լրագրողների հետ ճեպազյուցում հայտարարեց, որ ներկայումս աշխատանք է տարվում Փաշինյան-Թրամփ հանդիպման ուղղությամբ, և այն կազմակերպելու համար ժամանակ է պահանջվում:

Մնացականյանը կոնկրետ ժամկետ չնշեց՝ ընդգծելով, որ առաջիկայում հայտնի կդառնա հայ-ամերիկյան տարբեր մակարդակների պաշտոնյաների հանդիպումների մասին, որոնք կբերեն ավելի բարձր մակարդակի հանդիպման:

«Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, մենք ունենք տարբեր հարթակներ միասին աշխատելու, և այդ հարցը պետք է հասնի իր հանգուցալուծմանը: Ներկայումս մենք չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպում կկայանա», - նշեց Մնացականյանը:

Երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Միացյալ Նահանգներ իր այցելության մասին՝ ընդգծելով, որ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար հետաձգել է իր աշխատանքային այցը ԱՄՆ՝ Նյու Յորք, մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ - «Դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ ու դրանից հետո մեկնեմ Նյու Յորք»:

Փաշինյանի նյույորքյան այցի մասին է՛լ ավելի վաղ՝ մոտ մեկ շաբաթ առաջ խոսել էրարտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ մանրամասնելով, որ նախատեսված է Հայաստանի վարչապետի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

«Նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասել էր Բալայանը՝ չնշելով, թե ինչ երկկողմ հանդիպումների մասին է խոսքը:

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից երեկ վիրավորել և զինվորական հոսպիտալ տեղափոխվելիս մահացել էր պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը:

Տեղի ունեցածի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը․ - «Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա»:

Հարցին, թե ինչպես է բացատրում ՀԱՊԿ-ի լռությունը, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց․ - «ՀԱՊԿ-ը այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը, և մենք աշխատում ենք այդ շրջանակում նույնպես: Արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրականացնում»:

Արտգործնախարարին հարցրեցինք, թե ինչ փուլում է գտնվում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը:

Մնացականյանի պատասխանը հակիրճ էր․ - «Կոնսուլտացիաները շարունակվում են: Այս պահին այսքանը կարող եմ ասել»:

2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի աթոռը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին «Մարտի 1-ի» գործի շրջանակներում այս հուլիսի 27-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրվեց: Նա չի ընդունում այդ մեղադրանքը: Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան:

Յուրի Խաչատուրովը Հայաստանից վերադարձել է Մոսկվա և շարունակում է կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները: Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանն առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից:

XS
SM
MD
LG