Մատչելի հղումներ

Իրավիճակը նոյեմբերի ընտրություններին ընդառաջ


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու հանրապետական կուսակցությունը պնդում են, որ ամերիկյան տնտեսությունը գտնվում է ամենաբարվոք վիճակում, որի մասին է վկայում գործազրկության ամենացածր մակարդակը վերջին 18 տարիներին. Սակայն առկա են նաև խնդիրներ:

Միացյալ Նահանգներում գործազրկությունը շարունակում է նվազել: Հանրապետական կուսակցությունը օգտագործում է այս փաստն իր նախընտրական քարոզչության ընթացքում գալիք ընտրությունների համար:

Հյուսիսային Դակոտա նահանգում գործազրկությունը կազմում է 2,4 տոկոս, որը երկրորդ նահանգն է ամենացածր ցուցանշով: Տնտեսական ակտիվությունը նկատելի է հատկապես խոշոր քաղաքներում:

«Ավելի մեծ եկամուտ երբևէ չեմ ունեցել նախկինում»,- ասում է մատուցողուհի Թերեզա Էրվեսթը:

Սակայն դրա հետ մեկտեղ առկա են խնդիրներ ՝ կապված նախագահ Թրամփի առաջ քաշած ներմուծման նոր սակագների հետ, որոնք հատկապես ազդել են գյուղական շրջանների փոքր ու միջին ձեռներեցների վրա:

«Չափազանց դժվար ժամանակներ են: Բազմաթիվ ֆերմերներ չեն ցանկանում որևէ ծախսեր անել այսօր»,- ասում է ձեռներեց Մերի Լի Նիլսոնը:

Մերի Լի Նիլսոնը մտահոգված է, որ սակագների բարձրացումը կարող է ազդել ինչպես իրականացվող տեղական առևտրի, այնպես էլ գյուղատնտեսական մի շարք ոլորտների վրա:

Ֆերմերներից ոմանք դժգոհ են Չինաստանի համար ներմուծման սակագների բարձրացումից՝ ընդգծելով Չինաստանի շուկայի կարևորությունը գյուղատնտեսական մի շարք ոլորտների համար:

Այս խնդիրները գերիշխում են ԱՄՆ-ում ընթացող քարոզարշավի ընթացքում, հատկապես այն շրջաններում, ուր ընթանում է թեժ պայքար դեմոկրատ և հանրապետական թեկնածուների միջև: Վերջիններս ականջալուր են ֆերմերների մտահոգությունների հանդեպ:

«Մեր երկրի տնտեսության բնույթն այնպիսին է, որ խոշոր քաղաքները կախված են գյուղից»,- ընդգծում է դեմոկրատ սենատոր Հեյդի Հեյթքամփը:

«Ես ասել եմ իրենց, որ սպասվում են լավ լուրեր: Մենք մշտապես ճնշումներ ենք գործադրում վարչակազմի վրա»,- ասում է Սենատի հանրապետական թեկնածու, կոնգրեսական Քևին Քրամերը:

Հանրապետականների քարոզարշավը տնտեսական հարցերի շուրջ կառուցված է տնտեսության դրական ցուցանիշների և 2017 թվականի հարկային բարեփոխման վրա: Սակայն Հյուսիսային Դակոտա նահանգի ընտրողները, մասնավորապես միջին և մանր գործարարները, նշում են, որ դեռևս չեն զգում որևէ փոփոխություն հարկային բարեփոխման արդյունքում:

«Այս բարեփոխումն ազդել է կրթական հաստատությունների կամ վարկեր տրամադրող ընկերությունների վրա, սակայն ես անձամբ դեռևս չեմ զգում որևէ փոփոխություն»,- նշում է Հյուսիսային Դակոտայի բնակիչ Բրեդի Միթչելը:

Հարկային բարեփոխումը, սակայն, ողջունում են խոշոր ընկերությունները:

«Մենք տեսնում ենք դրա արդյունքները, երբ բազմաթիվ մարդիկ ցանկանում են ներդրումներ անել տարբեր ոլորտներում: Արդյունքում ունենք մուլտիպլիկացիոն էֆեկտ, որը նպաստավոր է բոլորի համար»,- ասում է Creedence Energy ընկերության ներկայացուցիչ Քևին Բլաքը:

Այս պահին դժվար է կանխատեսել, թե արդյոք տնտեսական դրական ցուցանիշները կօգնեն հանրապետականներին ստանալ ընտրողների ձայների մեծամասնույունը: Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կտան այս հարցադրման պատասխանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG