Մատչելի հղումներ

Yerevan Today-ի գլխավոր խմբագիրը հայտնում է իր աշխատանքային համակարգիչը քննչական կոմիտեի կողմից առգրավելու մասին


Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել ոստիկանության և քննչական կոմիտեի կողմից կայքի խմբագրությունում կատարված խուզարկությունից: Լրագրողների հետ զրույցում Սևակ Հակոբյանը նշեց, որ կատարվածը իր համար տարօրինակ է:

Նրա խոսքով՝ այդ ամենի պատճառն այն է, որ Yerevan Today-ն է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը շուտ տեղադրել: Սևակ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես կգան: «Այս պահին կարող եմ միայն ասել, որ առգրավել են իմ համակարգիչը, մյուս համակարգիչների կոշտ սկավառակները: Ընդ որում, դա կատարվել է կրկնակի ստուգումների արդյունքում: Իրենք արձանագրեցին, որ տեղեկատվությունը, որի համար եկել էին, մեր կայքում հրապարակվել է շատ ավելի ուշ, քան տարածվել է, բայց դրանից հետո ինչ իրենց պետք էր առգրավեցին ու գնացին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հակոբյանը:

Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerevan Today կայքի հետ ի՞նչ կապ ունի, Սևակ Հակոբյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կայքի սեփականատերը չէ ու ընդհանրապես ոչ մի կապ չունի կայքի հետ:

XS
SM
MD
LG