Ռուսաստանն անցկացնում է ռազմական իր ամենախոշորամասշտաբ զորախաղերը Սառը պատերազմից ի վեր: Վոստոկ-18 անվանումը կրող զորավարժություններին մասնակցելու համար առաջին անգամ հրավիրվել են ուժեր Չինաստանից եւ Մոնղոլիայից:
Նույնիսկ Ռուսաստանի նման չափսեր ունեցող երկրի համար Վոստոկ-18-ը իր ծավալներով շատ մեծ է համարվում: Դրանց մասնակցում է 36 հազար տանկ, 300 հազար զինվորական, ինչը այս երկրի զինված ուժերի մեկ երրորդն է:
Սիբիրում անցկացվող զորավարժությունների ժամանակ երկնքում սավառնում է հազար ռազմաօդանավ: Մարտական վարժություններ են Հյուսիսային սառուցյալ եւ Խաղաղ օվկիանոսներում անցնկացնում ութսուն ռազմանավեր:
Առաջին անգամը լինելով, Չինաստանը մասնակցում է այս զորախաղերին երեք հազար զինծառայողներով: Զորաբաժին ունի նաեւ Մոնղոլիան:
Վլադիմիր Պուտինը հայտարարում է, թե Չինաստանի ու Մոնղոլիայի հետ Ռուսաստանն ունի ռազմական ամուր կապեր ու ավանդույթներ:
Անվտանգության ու ռազմական հարցերով վերլուծաբան Էմիլի Ֆերիսի խոսքերով, սա փորձ է Արեւմուտքին ցույց տալու համար Չինաստանի հետ Ռուսաստանի ամուր կապերը:
‘’Այն նաեւ փորձ է ցույց տալու, թե ինչ է Ռուսաստանը սովորել Սիրիայում եւ Ուկրաինայում ռազմական ներխուժումը իրականացնելու արդյունքում’’, ասում է Ֆերիսը:
Ուկրաինայում ներխուժում իրականացնելու արդյունքում ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները սկսեցին պատժամիջոցներ ընդդեմ Մոսկվայի, ինչի արդյունքում Ռուսաստանը զրկվեց Արեւմտյան երկրներից իր ռազմական տեխնիկայի համար մասեր հայթայթելու հնարավորությունից: Եվ հիմա, ասում է վերլուծաբանը, Ռուսաստանը սկսել է իր ռազմարդյունաբերության տասնամյա նորացման գործընթաց: Իսկ դրսից գնումներ կատարելու համար պիտի գտնի այլ մատակարարներ:
Իսկ այս ժամանակահատվածում, երբ Չինաստանն ԱՄՆ-ի հետ մտել է առեւտրային պատերազմի մեջ, Մոսկվան որոնում է Պեկինի հետ հարաբերություններն ավելի խորացնելու հնարավորություններ:
Ռազմական հարցերով վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերի խոսքերով, Մոսկվան ու Պեկինը քաղաքականապես ու տնտեսական առումով ավելի են մերձենում: Այժմ ռազմական առումով նրանք միասնաբար հանդես են գալիս ընդդեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կարծիքին, այն ներկայացնում է պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն, ով ասել է, թե չի կարծում, որ ռուս-չինական մերձեցումն ունի երկարաժամկետ բնույթ: