Մատչելի հղումներ

Կարծիք. Ռուս-չինական զորավարժությունները խնդրահարույց են ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի համար


Մոսկվան ու Պեկինն անցկացնում են միասնական զորավարժություններ: Զուգահեռ Վլադիվոստոկում ընթանում է Հեռավոր Արևելքի համաժողով, ուր հնչել են մի շարք ակնառու հայտարարություններ։

Ռուսաստանն անցկացնում է ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր ամենամեծ զորավարժությունները, որին մասնակցում են նաև Չինաստանի որոշ ստորաբաժանումներ: Չինաստանի մասնակից զորքերի թիվը հասնում է 3000-ի: Օգտագործվում է շուրջ 30 ռազմաօդային ուժերի միջոցներ: Բացի այդ, զորավարժություններում ընդգրկված են նաև Մոնղոլիայի զորամիավորումները:

Նախկինում Չինաստանն ու Ռուսաստանը ևս անցկացրել են զորավարժություններ, սակայն այս զորավարժություններն աննախադեպ են իրենց ծավալով: ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ ուշադրությամբ հետևում են իրավիճակին: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը, այդուհանդերձ չի կարևորել զորավարժությունների նշանակությունը:

Զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի տեղաբաշխման կարողությունը երկար հեռավորության վրա, ինչպես նաև ստուգել ռազմածովային ուժերի միջև համագործակցությունը, հրամանատարության վերահսկողական մեխանիզմներն ու հարձակողական ու պաշտպանողական կարողությունները:

Զուգահեռաբար այս օրերին Վլադիվաստոկում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարների հանդիպումը տնտեսական համաժողովի շրջանակներում:

Japan Forum for Strategic Studies կենտրոնի վերլուծաբան Գրանտ Նյուշամը գտնում է, որ այս զորավարժություններն ուղղված չեն ռազմական հակամարտության պատրաստմանը, սակայն դրանք խնդրահարույց են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինը համաժողովին ակնարկել է, որ Մոսկվան և Տոկիոն պետք է մինչև այս տարվա վերջ ստորագրեն խաղաղության պայմանագիր և վերջ դնեն Երկրորդ աշխարհամարտից ի վեր պահպանվող թշնամությանը: Հիշեցնենք, որ ռուս-ճապնական անհամաձայնությունն ընդգրկում է նախկինում Ճապոնիային պատկանող և 1945 թվականին ԽՍՀՄ-ի կողմից բռնագրավված 4 կղզիների հարցը:

Բացի այդ, համաժողովին Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն Չինաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ հոկտեմբերին կարող է կայանալ իր այցը Չինաստան: 2011 թվականից ի վեր Ճապոնիայի առաջին դեմքերը չեն այցելել Չինաստան:

Facebook Forum

XS
SM
MD
LG