Մատչելի հղումներ

Կանադայի վարչապետ. NAFTA–ին առնչվող նոր համաձայնությունը պետք է լինի փոխշահավետ 


Շարունակվում են բանակցություններն ԱՄՆ-ի ու Կանադայի ներկայացուցիչների միջև NAFTA համաձայնագրի շուրջ: Գնալով ավելի քիչ ժամանակ է մնում համաձայնության հասնելու համար:

NAFTA համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են:

Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիսթիա Ֆրիլանդն ընդգծում է, որ վերջին քննարկումների ընթացքում հնարավոր է եղել հասնել որոշ առաջընթացի: Կանադայի վարչապետն էլ իր հերթին պնդում է, որ համաձայնությունը պետք է փոխշահավետ լինի:

«Մենք շատ ենք աշխատում այս ուղղությամբ և համոզված ենք, որ հնարավոր է հասնել համաձայնության: Անհրաժեշտ է ընդամենը աշխատել: Մեքսիկայի, Կանադայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները վերջին 25 տարիների ընթացքում մեծ հնարավորություններ են ստեղծել այս երկրների համար: Այժմ ժամանակն է վերանայել NAFTA-ն: Այն պետք է լինի փոխշահավետ բոլոր կողմերի համար»,- հայտարարել է Ջասթին Թրյուդեն:

Միացյալ Նահանգներն արդեն հասել է համաձայնության Մեքսիկայի հետ: Նախագահ Թրամփը սպառնում է, որ կանադական կողմի հետ համաձայնության բացակայության պարագայում Վաշինգտոնը կառաջնորդվի Մեքսիկայի հետ երկկողմանի համաձայնագրով:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը բազմիցս քննադատել է NAFTA համաձայնագիրը, որն ըստ նախագահի, վնաս է հասցրել ամերիկյան արդյունաբերական ներուժին:

Կանադայի, Մեքսիկայի ու ԱՄՆ-ի միջև առևտրային շրջանառությունը տարեկան հասնում է մոտ 1 տրիլիոն ամերիկյան դոլարի:

Facebook Forum

XS
SM
MD
LG