Մատչելի հղումներ

Սեուլը կոչ է անում Վաշինգտոնին ու Փհենյանին հավելյալ ջանքեր գործադրել


Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջա Ինը կոչ է արել ԱՄՆ-ին ու Հյուսիսային Կորեային ևս մեկ քայլ անել Կորեական թերակղզու վերջնական ապամիջուկայնացման համար:

Սեուլը կոչ է անում Վաշինգտոնին ու Փհենյանին շարունակել ջանքեր գործադրել Կորեական թերակղզու վերջնական ապամիջուկայնացման ուղղությամբ: Կառավարության նիստին, Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջա Ինն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է ավելի ակտիվ գործի այս հարցում։

«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդները կամք դրսևորեն և հանդես գան նոր մեծ գաղափարներով, որպեսզի հնարավոր լինի անցնել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հաջորդ փուլին: Հյուսիսային Կորեան պետք է հրաժարվի իր միջուկային ծրագրից, իսկ ԱՄՆ-ը արագացնի այդ գործընթացը համապատասխան գործողությունների միջոցով»,- հայտարարել է նախագահը:

Նախագահ Մունի հայտարարությունն առաջ է եկել Սպիտակ տան տարածած տեղեկությունից հետո, ըստ որի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նամակով դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին ՝ նրանից խնդրելով երկրորդ հանդիպում:

Այդ նույն ընթացքում ամերիկյան բանագնացը այցելել է տարածաշրջան: Ստեֆան Բիեգանը հանդիպել է Հարավային Կորեայի պաշտոնատար անձանց հետ Սեուլում և քննարկել ապամիջուկայնացման գործընթացը:

«Մենք շատ աշխատանքներ պետք է իրականացնենք: Մեզ շատ լավ հնարավորություն է ընձեռված նախագահ Թրամփի, նախագահ Մունի և առաջնորդ Կիմի կողմից: Պետք է հնարավորին չափով օգտագործենք այս հնարավորությունը: Ինչպես ասում է կորեական ասացվածքը՝ ամեն մի մեկնարկ գործի կեսն է, և սա գործընթացի սկիզբն է: Մենք պետք է այն ավարտի հասցնենք »,- հայտարարել է Բիեգանը:

Չնայած Հյուսիսային Կորեան վերացրել է իր միջուկային փորձարկումների կայանների մի մասը և հայտարարել, որ, վերացրել է նաև հրթիռային փորձարկումների հետ կապված ենթակառուցվածքը, այն դեռևս ամբողջապես չի դադարեցրել իր միջուկային ծրագիրը, որը նախատեսված է հունիսի համաձայնգրով:

Rand Corporation կենտրոնի փորձագետ Բրյուս Բենետն ասում է, որ Փհենյանի միջուկային ծրագիրը շարունակում է գործել: Ըստ վերլուծաբանի՝ Հյուսիսային Կորեան չի պատրաստվում վերացնել իր միջուկային ծրագիրը և հավանաբար կփորձի քողարկել այն՝ նոր զենքեր արտադրելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG