Մատչելի հղումներ

Նյու Յորքում վերաբացվեց WTC Cortlandt մետրոյի կայարանը


Սեպտեմբերի 11-ի ողբերգության 17-րդ տարելիցի առթիվ Նյու Յորքում վերաբացվել է WTC Cortlandt մետրոյի կայարանը, որը փլուզվել էր ահաբեկչության ժամանակ:​

Նյու Յորքում վերաբացված WTC Cortlandt մետրոյի կայարանի առաջին գնացքի ժամանումը շաբաթ օրը հուզել և խանդավառել էր քաղաքի բնակիչներին:

«Անհավատալի է, որ 17 տարի անց այն նորից գործում է», - ասում է Բրոնքսի բնակիչ Ֆիդեո Մոլինան:

Վերակառուցված մետրոյի կայարանը ներկայացնում է արվեստագետ Էն Հեմիլթոնի «Քորուս» անվանմամբ մարմարե խճանկարը: Հեմիլթոնի ստեղծագործությունը ներառում է նաև հատվածներ 1776 թվականի՝ Անկախության և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրերից:

«Վերջին երեք տարիներին մենք քրտնաջան աշխատանք ենք կատարել՝ Նյու Յորքի այս յուրահատուկ և հուզմունքով համակված վայրում գտնվող կայարանի վերակառուցման ուղղությամբ: Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված արվեստի ստեղծագործությունը իսկապես տպավորիչ է», - ասում է Նյու Յորքի Մետրոպոլիտենի տրանսպորտի վարչության ներկայացուցիչ Էնդի Բեյֆորդը:

Շինաշխատանքների ուշացումը պայմանավորված էր մետրոյի կայարանի վերգետնյա հատվածի վերականգնմամբ:

Կայարանը փլուզվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ, սակայն ի ուրախություն նյույորքցիների՝ նախագծի աշխատանքներն ավարտին հասցվեցին ժամանակին՝ նախքան սեպտեմբերի 11-ի ողբերգության 17-րդ տարելիցը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պատմության մեջ իր երկրի տարածքում ամենախոշոր ահաբեկչական հարձակման՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ-աշտարակների մեջ մխրճված ինքնաթիռների առաջացրած պայթյունի հետևանքով ավելի քան 2700 մարդ էր զոհվել, հազարավորները՝ վիրավորվել:

Հյուսիսային աշտարակում զոհվել էր նաև Վալտեր Մատուզայի հայրը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ լուսանկարել Առևտրի համաշխարհային կենտրոնի ցուցանշանը»,-ասում է Վալտեր Մատուզան:

Տրանսպորտի ոլորտի պաշտոնյաների համոզմամբ՝ WTC Cortlandt-ը ավելին է, քան նոր մետրոյի կայարան: Համաշխարհային առևտրի կենտրոնի տարածքի ամբողջական վերականգնումը, ըստ նրանց, խորհրդանշում է նյույորքցիների կամքն ու վճռականությունը:

XS
SM
MD
LG