ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Հնդկաստանում արժանացել է ջերմ ընդունելության: Մինչ այդ նա եղել էր Պակիստանում: Փոմփեոյի ու պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի այցերի գլխավոր նպատակը Աֆղանստանի խաղաղության գործընթացը վերսկսելն է:
Չնայած Աֆղանստանում պատերազմն ավարտելու մի քանի ձախողված ջանքերին, որոշ փորձագետներ կարծում են, որ այժմ կա այդ գործընթացն արագ վերսկսելու հնարավորություն: Նրանցից Ռոբին Ռաֆելի խոսքերով, կա այն մտավախությունը, որ Աֆղանստանը կարող է մասնատվել, որ այն կարող է վերածվել մի նոր սիրիայի: Այդ պատճառով այն իր վրա է կենտրոնացնում շահագրգիռ կողմերի ուշադրությունը, որոնց դա ձեռընտու չէ:
Փոմփեոն ասել է, թե ինքն Աֆղանստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Զալմայ Խալիլզադին հանձնարարել է իրականացնել աշխատանքներ հաշտեցման գործընթաց սկսելու համար:
Ռաֆելը ողջունել է այս քայլը, ասելով, թե այս նշանակումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը գիտակցում է փորձառու դիվանագետի միջոցով քաղաքական լուրջ գործընթաց սկսելու կարեւորությունը: Հուսով եմ, ասել է նա, որ Խալիլզադը կունենա բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնելու մանդատ, ոչ միայն Աֆղանստանում, այլ նաեւ բոլոր դերակատար երկրներում:
Իրենց այցի ընթացքում ԱՄՆ-ի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները կոչ են անելու Հնդկաստանին ավելի մեծ տնտեսական աջակցություն ցուցաբերել Աֆղանստանին, տարածաշրջանում խաղաղությանը զարկ տալու նպատակով: