Մատչելի հղումներ

Մաաս. «Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը բխում է Գերմանիայի ռազմավարական շահերից»


Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաաս, արխիվ
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաաս, արխիվ

''Ազատություն'' ռադիոկայան

Բեռլինը և Անկարան կանեն հնարավոր ամեն ինչ` վերջին տարիներին կուտակված խնդիրների լուծման համար: Այս մասին երեկ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են պաշտոնական այցով Թուրքիա մեկնած՝ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը և նրա թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուն:

«Նախկինում մեր հարաբերություններում բավական բարդ օրեր են արձանագրվել, եղել են նաև լուրջ խնդիրներ ու միջադեպեր, որոնցից մեր երկու պետությունները կգերադասեին խուսափել: Մենք այլևս չենք ցանկանում, որ այդ օրերը վերադառնան: [Գերմանիայի նախկին արտգրոծնախարար] Զիգմար Գաբրիելի հետ միասին բավական լուրջ քայլեր ձեռնարկեցինք երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ այսօր Հեյկո Մաասի հետ մենք ջանքեր ենք գործադրում ոչ միայն հարաբերությունների բարելավման, այլև դրանք նոր հանգրվանի հասցնելու ուղղությամբ»,- Անկարայում կայացած բանակցությունների ավարտին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրք-գերմանական հարաբերությունները սրընթաց կերպով սկսեցին վատթարանալ 2016-ի ամռանը` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամն էլ ավելի խորացավ 2016-ի հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո, որին հաջորդած ժամանակահատվածում թուրքական հատուկ ծառայությունները հազարավոր մարդկանց ձերբակալեցին, այդ թվում Գերմանիայի մի քանի տասնյակ քաղաքացիների:

Պաշտոնական Բեռլինի տվյալներով՝ այժմ թուրքական բանտերում, հեղաշրջման հետ առնչություններ ունենալու կասկածանքով, Գերմանիայի առնվազն 50 քաղաքացի է գտնվում, որոնցից միայն յոթին է պաշտոնական մեղադրանք առաջադրվել: Գերմանիայի ևս 35 քաղաքացիների արգելվել է լքել Թուրքիայի տարածքը: « [Ձերբակալվածների] թեման ևս մեր օրակարգում էր»,- Թուրքիայում ասել է Գերմանիայի արտգործնախարարը, հավելելով․ «Մենք շատ անկեղծ քննարկում ծավալեցինք այդ հարցի շուրջ: Պայմանավորվել ենք շարունակել շփումներն այդ խնդրի հետ կապված: Կարծում եմ, որ դա անհրաժեշտ և խելամիտ քայլ է»:

Մամուլի ասուլիսի ժամանակ Հեյկո Մասսը նաև հայտարարել է, թե թուրք-գերմանական հարաբերությունների բարելավումը կնպաստի տարածաշրջանային ընդհանուր մթնոլորտի փոփոխությանը: «Մենք դաշնակիցներ ենք նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում, ուստի կարող ենք ու պետք է համագործակցենք բազմաթիվ միջազգային խնդիրների լուծումը գտնելու հարցում: [Թուրքիայի հետ] կառուցողական հարաբերությունների հաստատումը, դրանց բարելավումը բխում է Գերմանիայի, գերմանական կառավարության ռազմավարական շահերից: Դա է պատճառը, որ մենք համաձայնել ենք արտգործնախարարների մակարդակով ռազմավարական երկխոսության մեկնարկին: Այդ երկխոսությունը պետք է դառնա թուրք-գերմանական հարաբերությունների բարելավման բաղկացուցիչ մասը»,- նաև Մաասը:

Չորեքշաբթի երեկոյան Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որն արդեն այս ամսվա վերջին, սեպտեմբերի 28-29-ին, պետական այցով մեկնելու է Գերմանիա: Երկու պետությունների դիվանագետների համոզմամբ՝ Էրդողանի այդ այցը թուրք-գերմանական ճգնաժամի խորհրդանշական վերջակետը պետք է դառնա:

Հեյկո Մաասի երկօրյա այցը Թուրքիա զուրկ չէր նաև խորհրդանշական ժեստերից: Այսօր առավոտյան Մաասն Անկարայից մեկնեց Ստամբուլ, որտեղ մասնակցեց տեղի գերմանական դպրոցի հիմնադրման 150-ամյակին նվիրված տոնակատարությանը: Օգտվելով առիթից` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասյտեղ ևս խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման կարևորության մասին:

«Մենք այստեղ տեսանք թե ինչպես են համագործակցում թուրք և գերմանացի ուսուցիչները, թուրք և գերմանացի աշակերտները: Իմ ցանկությունն է, որ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ լինեն կառուցողական ու համապարփակ, և կարող եմ ասել, որ Ստամբուլի գերմանական դպրոցը կարող է այդ հարաբերությունների յուրատեսակ մոդել հանդիսանալ»,- Ստամբուլում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

XS
SM
MD
LG