Մատչելի հղումներ

Կարծիք. Քոչարյանի նկատմամբ հանրությունն ունի բացարձակ անվստահություն


ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը օրերս կայացավ լրագրող և հետազոտող Թաթուլ Հակոբյանի գրքերի շնորհանդեսը: Հեղինակը պատասխանեց ներկաների հարցերին Հայաստանի ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը օրերս կայացավ լրագրող Թաթուլ Հակոբյանի գրքերի շնորհանդես, որին մասնակցում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը Հակոբյանը խոսեց հետհեղափոխական Հայաստանում ընթացող զարգացումների և նոր իշխանությունների առջև ծառացած մարտահրավերների մասին:

«Այսօր հետհեղափոխական Հայաստանում դեռևս տիրում է էյֆորիա»,- այսպես է Հակոբյանը բնութագրում ներկա պահին ստեղծված իրավիճակը:

Նրա գնահատմամբ դեռևս վաղ է վերջնական գնահատական տալ Հայաստանի նոր իշխանությունների գործունեությանը: Անհրաժեշտ է սպասել արտահերթ ընտրություններին, որից հետո միայն իրավիճակն ավելի հստակ պատկեր կունենա:

«Ես համարում եմ, որ այս կառավարությունը ժամանակավոր է, որի քայլերը դիտարկվում են նոր ընտրությունների և ժամանակավոր կառավարության տրամաբանության մեջ»,- ասում է Հակոբյանը:

Նա հակասական է որակել ներքաղաքական իրադրությունը և կարևորել քաղաքական դաշտի համապատասխանեցումը հանրային կարծիքին:

«Քաղաքական առումով այսօր իրավիճակը Հայաստանում աբսուրդային է, քանի որ այսօրվա խորհրդարանում ներկայացված ուժը՝ հանրապետական կուսակցությունը բացարձակապես չի արտահայտում հայ ժողովրդի իղձերն ու ցանկությունները, ինչքան էլ որ հաղթանակած լինի ըստ պաշտոնական տվյալների անցած տարվա ընտրություններին»,- նշում է Հակոբյանը:

Նրա կարծիքով հստակեցում է անհրաժեշտ նաև ընդդիմադր դաշտում: Նա թերահավատորեն է մոտենում երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի քաղաքական վերադարձին և ընդդիմությունը միավորելու ցանկությանը:

«Եթե արտառոց ոչինչ չպատահի, Քոչարյանը չունի որևէ շանս դերակատարույուն ունենալու համար: Նրա նկատմամբ առկա է հասարակության մեջ տոտալ անվստահություն»,- նշում է Հակոբյանը:

Թաթուլ Հակոբյանը կոչ է անում ավելի խորը ուսումնասիրել Հայաստանի Առաջին Հանրապետության անցած ուղին և զուգահեռներ անցկացնում Առաջին և Երրորդ Հանրապետությունների միջև: Ըստ նրա, Առաջին Հանրապետության հիմադրման հարյուրամյակը լավ առիթ է մեր այդ օրերի պատմության վերաիմաստավորման և դրանից դասեր քաղելու համար: Նա խորհուրդ է տալիս այսօրվա իշխանավորևներին ընթերցել կամ վերընթերցել Խաթիսյանի, Քաջազնունու, Ռուբեն Տեր-Մինասյանի գործերը: Նրա ջանքերի շնորհիվ վերահրատարակվել են Առաջին Հանրապետության մի շարք հիմնադիր գործիչների աշխատություններ:

Մի շարք հարցերի հետ մեկտեղ միջոցառմանը անդրադարձ եղավ հեղափոխություն վերապրած այլ երկրների հետ համեմատականին: Ներկաներն ընդգծեցին հատկապես հարևան Վրաստանի օրինակը, որը վերապրել է հեղափոխական շրջան ավելի քան 10 տարի առաջ:

«Հայաստանում և Վրաստանում հեղափոխությունների միջև առկա են նմանություններ և տարբերություններ: Ինչպես Վրաստանում , այդպես էլ Հայաստանում առկա էր փոփոխության մեծ պահանջ: Հայաստանում, սակայն, ցավոք թե բարեբախտաբար, հեղափոխությունը ավելի երկար հասունացավ»,- ասում է միջոցառման մասնակից վրացահայ Միլենա Օգանեսյանը:

Ներկաները չափազանց օգտակար են գնահատում նման միջոցառումները, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի խորը պատկերացնել Հայաստանում առկա վիճակը: Իր տպավորություններով կիսվեց ամերիկահայ Ջեք Բուրնազյանը:

«Միջոցառումը շատ օգտակար էր ինձ համար տեղեկություն ստանալու առումով: Այն վստահություն ներշնչեց ինձ, որ այս վերջին փոփոխությունների արդյունքում ի հայտ են եկել նոր դեմքեր և գաղափարներ, որոնք կօգնեն առաջ մղել երկիրը»:

Ինքը՝ հեղինակը, ևս ընդգծում է Հայաստանի զարգացումների վերաբերյալ սփյուռքահայության տեղեկացվածության բարձրացման կարևորությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG