Մատչելի հղումներ

Թրամփի քաղաքական ապագան կախված է Կոնգրեսի առաջիկա ընտրություններից


Նոյեմբերին սպասվող Կոնգրեսի ընտրություններից կախված է Դոնալդ Թրամփի նախագահության ապագան: Ուստի՝ նա ակտիվ քարոզարշավի մեջ է:

«Մեզ պետք են հանրապետականներ Կոնգրեսում: Այսօր Դեմոկրատական կուսակցությունը ատելությամբ լցված ձախակողմյան ավազակների ձեռքում պատանդ է», - հայտարարում է հանրահավաքներին Թրամփը:

Թրամփի խոսքերն իր կողմնակիցների սրտերում արձագանք են գտնում.

«Ես հավատում են նրան, ինչին հավատում է Թրամփը», - ասում է ածխահատ, Դոնալդ Թրամփի կողմնակից Քեվին Աբբոթը:

Սակայն, Թրամփի նախագահությունը լրջորեն զայրացրել է դեմոկրատներին, ովքեր վճռական են նոյեմբերի ընտրություններում ուժերի հարաբերակցությունը փոխելու հարցում։

Վերլուծաբան Լարա Բրաունի խոսքով, պատմության դասերը դեմոկրատների օգտին են վկայում.

«Ընթացող սցենարը բնորոշ է այն դեպքերին, երբ նախագահի կուսակցությունը կորցնում է ձայներ»։

Կոնգրեսի որեւէ պալատում դեմոկրատների մեծամասնությունը լուրջ խնդիրներ կառաջացնի Թրամփի համար, համոզված է մեկ այլ վերլուծաբան, Բիլ Գալսթոնը.

«Առաջինը՝ հանրապետականների ձայներով միայն այլեւս օրենքներ չեն անցնելու: Եվ երկրորդը՝ Կոնգրեսը կրկին կդառնա վերահսկողության մարմին»:

Թե՛ Թրամփի կողմնակիցները, թե՛ հակառակորդները փորձելու են ներկայացնել Կոնգրեսի առաջիկա ընտրությունները որպես նախագահի հանրաքվե, ընդգծում է Գելափի ներկայացուցիչ Ֆրանք Նյուփորթը.

«Հանրապետականներն ասելու են՝ ընտրեք ինձ, հակառակ դեպքում Կոնգրեսում դեմոկրատները մեծամասնություն կունենան եւ Թրամփին կպաշտոնազրկեն: Իսկ դեմոկրատ թեկնածուներն իրենց կողմնակիցներին խոստանալու են ընդդիմանալ Թրամփի քաղաքականությանը: Կարծում եմ, նա լինելու է այս ընտրությունների կենտրոնական դեմքը»:

Հարցումների համաձայն, առաջիկա ընտրություններում դեմոկրատները կարող են մեծամասնություն ձեռք բերել Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, մինչդեռ հանրապետականները կպահպանեն մեծամասնությունը Սենատում:

Facebook Forum

XS
SM
MD
LG