Մատչելի հղումներ

Մոսկվան անտեսում է Սիրիայում Վաշինգտոնի սպառնալիքները


ԱՄՆ-ը զգուշացնում է Սիրիային, Իրանին ու Ռուսաստանին՝ Սիրիայում զինյալների վերահսկողության ներքո գտնվող Իդլիբի շրջանը ռմբակոծելու կապակցությամբ: Մոսկվան սակայն, ըստ մամուլի հաղորդումների, վերսկսել է ռմբակոծումները Սիրիայում։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օրերս թվիթերյան գրառման միջոցով նախազգուշացրել էր Սիրիային, Իրանին ու Ռուսաստանին սիրիական Իդլիբի շրջանը ռմբակոծելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ շրջանը գտնվում է զինյալների վերահսկողության ներքո: Նախագահը նշել էր, որ հարձակման պարագայում հարյուր հազարավոր մարդիկ կարող են զոհվել, և որ Մոսկվան ու Թեհրանը շատ մեծ մարդասիրական սխալ կգործեն, եթե մասնակցեն շրջանի ռմբակոծմանը:

Վերջին շրջանում լուրեր են տարածվել, որ Սիրիայի կառավարական ուժերը պատրաստվում են հարձակման Իգլիդի շրջանի և հարակից տարածքների ուղղությամբ: ԱՄՆ-ը նախազգուշացրել է, որ կարձագանքի քիմիական զենքի օգտագործմանը:

Չնայած ԱՄՆ-ի նախազգուշացմանը՝ լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական ռազմաօդային ուժերը վերսկսել են Իդլիբի ռմբակոծումը: Բացի այդ, Կրեմլն ընդգծել է, որ Սիրիայի բանակը պատրաստվում է մաքրել այդ շրջանը ահաբեկչական խմբավորումներից: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Իդլիբում են գտնվում Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող զինյալներ, որոնք խոչընդոտում են Սիրիայում խաղաղության հաստատմանն ու հարձակումներ գործում Սիրիայի ռուսական ռազմակայանի դեմ:

Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության խումբը տեղեկացնում է, որ արևմտյան Իդլիբում ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրելընդդիմադիր զինյալների վերահսկողության ներքո գտնվող 16 շրջանների ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նախագահ Թրամփի թվիթերյան նախազգուշացումը համընկել էր Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆի դամասկոսյան այցի հետ, ուր Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր սեպտեմբերի 7-ին Թեհրանում Իդլիբի և Սիրիայի վերականգման հարցերի շուրջ Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ղեկավարների հանդիպման մասին:

Վերլուծաբանները սակայն շարունակում են հավատալ, որ հնարավոր է կանխել հարձակումը Իդլիբի դեմ և վերադառնալ բանակցային գործընթացին: Ըստ Միջազգային Ճգնաժամային խմբի, Եվրոպան և Թուրքիան պետք է ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա՝ ներկայացնելով Մոսկվային, թե որքան ծանր հետևանքներ կունենան Իդլիբի դեմ գործողությունները ի դեմս Սիրիայի վերակառուցման հարցում արևմտյան տերությունների դիվանագիտական և ֆինանսական աջակցության դադարեցմանը։

Facebook Forum

XS
SM
MD
LG