Պեկինում ընթացող չին-աֆրիկյան համագործակցության հերթական համաժողովին Չինաստանի նախագահ Սի Ծինպինն իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ Չինաստանի կողմից աֆրիկյան երկրների վարկավորումը միտված է այստեղ օժանդակելու ենթակառուցվածքների զարգացմանը:
«Չինաստանի ներդրումները չեն հետապնդում քաղաքական նպատակներ: Չինաստանը չի միջամտում Աֆրիկայի ներքին գործերին և չի պարտադրում իր կամքը աֆրիկյան երկրներին»,- հայտարարել է նախագահը:
Սակայն քննադատների կարծիքով նման միջոցով աֆրիկյան երկրները կախվածության մեջ են ընկնում Չինաստանից՝ կուտակելով խոշոր պարտքեր:
Չինաստանն ակտիվորեն ներգրավվում է աֆրիկյան մայրցամաքում: 2015 թվականի վերջին համաժողովի ժամանակ նախագահ Սի Ծինպինը խոստացել էր 60 միլիարդ դոլար տրամադրել վարկավորման և օգնության տեսքով:
Այս տարվա համաժողովին նախագահը կոչ է արել ամրապնդել Չինաստանի ու Աֆրիկայի միջև կապերը, որոնք կնպաստեն կողմերի ապագա փոխշահավետ համագործակցության զարգացմանը:
«Մենք հույս ունենք միասնաբար ջանքեր գործադրել աֆրիկյան ժողովրդի հետ և կառուցել ամուր չին-աֆրիկյան հարաբերություններ՝ միտված դեպի ապագա: Սա կարող է դառնալ մարդկության համար փոխշահավետ մոդելի կառուցման լավ օրինակ»,- հայտարարել է նախագահը:
Նա կոչ է արել ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու կողմերի միջև շփումները բազմաթիվ մակարդակների վրա: Ըստ նրա, դրա արդյունքում կողմերի միջև կուժեղանա փոխըմբռնումը և փոխշահավետ համագործակցությունը բազմաթիվ տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների շուրջ: Նա այս համագործակցությունը որակել է որպես փոխշահավետ:
Նախագահն առանձնացրել է մի շարք ոլորտներ, ուր կողմերը կարող են հասնել համաձայնության, ներառյալ կլիմայի փոփոխության, մաքուր էներգիայի, ինչպես նաև բնապահպանության խնդիրների շուրջ:
Facebook Forum