Մատչելի հղումներ

Պաղեստինցի փախստականները զրկվում են ամերիկյան օգնությունից


Պաղեստինցի փախստականները զրկվում են ամերիկյան օգնությունից
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

Պաղեստինցի փախստականները մտահոգ են իրենց ապագայի համար։ Միացյալ Նահանգները հայտարարել է Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների ՄԱԿ-ի գործակալությանն իր ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ այս կազմակերպությունը շարունակ ընդլայնում է օգնություն ստացողների թիվը՝ առանց նրանց խնդիրները լուծելու։

Հորդանանի մայրաքաղաք Ամմանից հյուսիս գտնվող Բաքայի ճամբարում պաղեստինցի ավելի քան 1ՕՕ հազար փախստական է բնակվում։ Նրանցից ոմանք այստեղ են դեռեւս 1968 թվականից։ Շատերն էլ ծնվել են ճամբարում։

Հիմա նրանք վրդովված են ու մտահոգ, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է դադարեցնել ՄԱԿ-ի այն գործակալությանը տրամադրող ֆինանսական օժանդակությունը, որը զբաղվում է պաղեստինցի փախստականներին օգնություն տրամադրելով։

Իսկ Բաքայի ճամբարը միակը չէ, որը մինչ այժմ ստացել է Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների ՄԱԿ-ի գործակալության օգնությունը։ Նման ճամբարներ կան Մերձավոր Արեւելքի մի շարք այլ երկրներում։ Իսկ կազմակերպության բյուջեի մեկ երրորդը հատկացվում էր ԱՄՆ-ի կողմից։

Կազմակերպության խոսնակ Քրիս Գանեսն ասում է, որ այս ՝՝ցավալի՛՛ որոշումից տուժելու է պաղեստինցի 526 հազար աշակերտ, որպես օգնություն սննդամթերք ստացող 1 միլիոն 7ՕՕ հազար մարդ, մեկ միլիոն մարդ Գազայի գոտում, բժշկական ծառայություններից օգտվող 3 միլիոն 5ՕՕ հազար մարդ։


Թրամփի վարչակազմն ուրբաթ օրն էր հայտարարել կազմակերպությանն իր ֆինանսավորումից զրկելու որոշման մասին՝ պատճառաբանելով, որ այն չի գործում արդյունավետ։ Վաշինգտոնի որոշումը ողջունել է Իսրայելի վարչապետը, ում խոսքերով, ՝՝Ամերիկան սկսում է լուծել խնդիրը՛՛։
Իսկ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների ՄԱԿ-ի գործակալության տնօրեն Պիեռ Քրեհենբյուլը կտրականապես հերքում է իր ղեկավարած հաստատության նկատմամբ մեղադրանքները։

՝՝Այն, որ պաղեստինցի փախստականներն այս ճամբարներում են բնակվում արդեն 7Օ տարի, իսրայելապաղեստինյան հակամարտությանը լուծում գտնելու միջազգային համայնքի անկարողության հետեւանքն է, այլ ոչ թե ՄԱԿ-ի գործակալության աշխատանքների արդյունքը։ Եվ այս խնդիրը պիտի լուծվի ոչ թե մարդասիրական օգնությունը կրճատելու, այլ՝ քաղաքական ճիշտ որոշումներ կայացնելու եղանակով՛՛, ասել է նա։

Սրանից 7Օ տարի առաջ, երբ հիմնադրվում էր Իսրայել պետությունը, այս տարածքներից մոտ 75Օ հազար մարդ բռնությամբ տեղահանվեց։ Շարունակվող հակամարտության եւ բնակչության բնական աճի արդյունքում նրանց թիվն այսօր հասել է 5 միլիոնի։ Մարդիկ ու նրանց սերունդները, ովքեր իրենց տունն ու հայրենիքն են կորցրել 1948 թվականի Իսրայելա-արաբական պատերազմի ժամանակ ստանում են միջազգային օգնություն, սակայն փախստականների մեծ մասն է ասում, թե նախընտրում է վերադառնալ հայրենիք, քան շարունակ ապրել գթասրտության հաշվին։ Իսկ Իսրայելը պնդում է, որ երբեք չի վերադարձնելու պաղեստինցիներին տներն ու հողը, որոնք այն զավթել է պատերազմի ժամանակ։

XS
SM
MD
LG