Մատչելի հղումներ

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ճգնաժամն ու Հայաստանը


Ամերիկյան փորձագետներն անդրադառնում են թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանն ու դրա ազդեցությանը Հայաստանի վրա:

Ամերիկյան փորձագետներն ընդգծում են վերջին տասնամյակներում թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի աննախադեպ բնույթը:

«Անկասկած՝ սա թուրք-ամերիկյան հարաբերություններում ամենամեծ ճգնաժամն է 1970-ականների կիպրոսյան հարցի հետևանքով զենքի բեռնարգելք հաստատվելուց ի վեր»,- ասում է Հանուն ամերիկյան առաջընթացի կենտրոնի վերլուծաբան Մաքս Հոֆֆմանը:

«Այսօր թուրք-ամերիկյան հարաբերություններն իմ հիշողությամբ գտնվում են ամենացածր մակարդակի վրա»,- նշում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

Փորձագետները սակայն ընդգծում են, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները մշտապես եղել են խնդրահարույց ՝ չնայած երկրները ռազմավարական դաշնակիցներ են: Կողմերի միջև կուտակվել են բազմաթիվ տարաձայնություններ Սիրիայի ճգնաժամի, ռուս-թուրքական ջերմացման, Թուրքիայում հեղաշրջման փորձին ամերիկյան վարչակազմի արձագանքի, Ֆեթուլահ Գյուլենի ԱՄՆ-ում գտնվելու և այլ հարցերի առնչությամբ:

«Թուրք-ամերիկյան հարաբերությունները խնդրահարույց են եղել անգամ լարվածության բացակայության տարիներին: Թուրքիան մշտապես հարցականի տալ է առնում, թե արդյոք ԱՄՆ-ը համաչափ վերաբերմունք է ցուցաբերում իր դաշնակցին»,- ասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը:

«Թուրքիայում մշտապես առկա է հակաամերիկանիզմ: Ամերիկյան որոշ գործողություններ տարածաշրջանում, անխոս, հրահրում են թուրք հանրության զայրույթը, իսկ իշխանություններն իր ԶԼՄ-ների միջոցով մշտապես սրում են հանրային կարծիքն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում»,- նշում է Մայք Հոֆֆմանը:

Այս ամենը ի վերջո հանգեցրեց ամերիկյան պատժամիջոցների սահմանմանը ի պատասխան նրա, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Մաքս Հոֆֆմանը նման զարգացումները բացատրում է ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդների կտրուկ գործելաոճով և ամերիկյան կողմի՝ խնդիրը մեղմ ճանապարհով լուծելու փորձերի տապալմամբ, որի արդյունքում նախագահ Թրամփի համբերության բաժակը լցվեց:

Իսկ ինչպիսի հետևանքներ կունենան թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը Հայաստանի ու հայկական օրակարգի համար: Վերլուծաբաններն ընդգծում են վարչակազմի անկանխատեսելի բնույթը, որը մեծացնում է ԱՄՆ-ի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը, սակայն նման զարգացումը համարում են քիչ հավանական:

«ԱՄՆ-ում դա մեծ խնդիր է, քանի որ առնչվում է Թուրքիայի հետ: Չնայած Ցեղասպանության ճանաչումը շատ ավելի մոտ է այսօր, քան նախկինում, բայց ԱՄՆ-ի կառավարության մեջ կլինեն ուժեր, որոնք կդիմադրեն դրան»,- ասում է Սթրոնսկին:

«Չնայած նման զարգացման հավանականության առկայությանը վարչակազմի անկանխատեսելի բնույթի պատճառով նման հիմնախնդիրների հանդեպ, մարդիկ կգիտակցեն նման գործողության դիմաց վճարվող բարձր գինը»,- նշում է դեսպան Կազլյարիչը:

Տարածաշրջանային զարգացումների առումով էլ, ըստ վերլուծաբանների, Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացումը Երևանի համար ստեղծում է ավելի շատ բարդություններ, քան հնարավորություններ:

«Այս իրողությունը Հայաստանին կանգնեցնում է դժվարությունների առջև ոչ միայն թուրք-ամերիկյան, այլև ռուս-ամերիկյան և իրանա-ամերիկյան բարդ հարաբերությունների առումով: Խոսքը գնում է երեք խոշոր տերությունների մասին, որոնք շրջապատում են Հայաստանը, և վերջին զարգացումները կամ ուղակի ազդում են կամ կարող են ազդել Հայաստանի վրա: Դա ավելի է կաշկանդում Հայաստանի գործողությունները, և ստիպում նոր իշխանություններին հավելյալ մեծ ջանքեր գործադրել արտաքին քաղաքականության ոլորտում»,- նշում է Սթրոնսկին:

Ըստ վերլուծաբանի, հարաբերությունների նման ընթացքը դժվարություններ է ստեղծում Հայաստանի համար ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ ասպարեզում:

Facebook Forum

XS
SM
MD
LG