Մատչելի հղումներ

Արցախում հայկական ուժերի դիրքերին հարվածած իսրայելական անօդաչու արտադրող ընկերությունը շարունակում է ֆինանսական կորուստներ կրել


Օգոստոսի 29-ին իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերությունը հայտնել է, որ Իսրայելի գլխավոր դատախազությունը մտադիր է մեղադրական հայց ներկայացրել ընկերության դեմ: Իսրայելի գլխավոր դատախազության հայտարարությունը հաջորդել է շուրջ մեկ տարի տևած համատեղ նախաքննությանը, որին ներգրավված էին Իսրայելի ոստիկանության Միջազգային հանցագործությունների նախաքննության բաժինը, պաշտպանության նախարարությունը և գլխավոր դատախազությունը:

Ընկերության գլխավոր տնօրենը, նրա տեղակալը, զարգացման գծով և մարքեթինգի տնօրենները կկանչվեն դատական լսումների: Ընկերությունը մեղադրվում է Իսրայելի պաշտպանական արտահանման վերահսկման մասին օրենքը խախտելու մեջ: Ըստ The Times of Israel կայքի՝ գործը կապված է 2017 թ. Ադրբեջանում «մահապարտ» անօդաչու սարքը փորձարկելիս Արցախում հայկական ուժերի դեմ օգտագործելու դեպքի հետ:

Ինչպե՞ս սկսվեց

2017 թ. օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջան այցելած ADS ընկերության պատվիրակությանը Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները «խնդրել են» մահապարտ ԱԹՍ-ն փորձարկել հայկական դիրքերի դեմ։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են դա անել, սակայն սարքը գործի են դրել պատվիրակության ղեկավարները: Հոդվածում նշված էր, որ փորձարկումներն արվում էին Orbiter-1K-ի գնման պայմանագիր ստորագրելու համար:

Օգոստոսի վերջին ADS-ը հայտարարեց, որ Իսրայելի ՊՆ-ն միջադեպի քննության արդյունքում սառեցրել է Ադրբեջանին Orbiter-1K անօդաչուների վաճառքի արտոնագիրը: Ըստ իսրայելական ընկերության տրամադրած տեղեկության՝ խոսքը 20 մլն դոլարի պայմանագրի մասին է:

Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների դեմ պայքարի բաժինն այս գործով նախաքննություն է սկսել: ADS-ը, լինելով բաց բաժնետիրական ընկերություն, Թել Ավիվի արժեթղթերի շուկայի կայքում հրապարակած հայտարարությունում որոշակի մանրամասներ էր ներկայացրել:

Իսրայելում պաշտպանական նշանակության արտադրանքների արտահանման արտոնագրերի տրամադրման, արտահանման վերահսկման համար պատասխանատու է Իսրայելի պաշտպանության նախարարության ավտանգության և արտահանման վերահսկման դեպարտամենտը (Malmab): Հենց Malmab-ի կայքում հրապարակվել է Իսրայելի «Պաշտպանական արտահանման վերահսկման մասին» օրենքի անգլերեն տարբերակը, որի երկրորդ մասը վերաբերում է արտոնագրերի տրամադրմանը: 14-րդ և 15-րդ կետերը սահմանում են Իսրայելի քաղաքացիների, ռեզիդենտների կամ ընկերությունների պարտականությունները:

Մասնավորապես 15-րդ կետում նշվում է, որ որևէ անձ չի կարող, առանց համապատասխան արտոնագրի, զբաղվել գործունեությամբ մի շարք ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանական ծառայությունների մատուցում, եթե ծառայություն գնողը Իսրայելի քաղաքացի կամ ռեզիդենտ չէ, կամ արտասահմանյան ընկերություն է: «Պաշտպանական ծառայությունը» վերաբերում է պաշտպանական սարքավորմանը, սպառազինությանը, այդ թվում՝ դրա նախագծումը, արտադրությունը, հավաքումը, արդիականացումը, ինչպես նաև շահագործումը և փաթեթավորումը, հրահանգավորումը և խորհրդատվության տրամադրումը:

Այսպիսով, եթե իսրայելական ընկերությունն իրոք ներգրավվել է Արցախի զինուժի դեմ մահապարտ ԱԹՍ-ի փորձարկմանը, ապա խախտել է Իսրայելի նշված օրենքը: Ինչպես կտեսնենք ստորև, անկախ դատական գործով կայացվելիք որոշումից, ADS-ը շուրջ մեկ տարի շարունակվող նախաքննության արդյունքում արդեն իսկ հսկայական ֆինանսական վնասներ է կրել:

Ինչպե՞ս է ազդել միջադեպը իսրայելական ընկերության վրա

Դեռևս 2017 թ. օգոստոսին՝ մամուլում միջադեպի մասին տեղեկություն հայտնվելուց հետո, իսրայելական ընկերության արժեթղթերի գինը սկսեց նվազել: Եթե օգոստոսի 10-ին ընկերության մեկ բաժնետոմսը Թել Ավիվի արժեթղթերի շուկայում արժեր 1714 շեկել (~476 դոլար), ապա արդեն օգոստոսի 29-ին արժեթղթի շուկայական արժեքը նվազել էր ավելի քան 14 տոկոսով՝ կազմելով 1458 շեկել (~407 դոլար): Նոյեմբերի 14-ին քրեական գործի վերաբերյալ տեղեկության հրապարակումից հետո ընկերության արժեթղթերի գինը կրկին նվազեց՝ հասնելով 1099 շեկելի (~310 դոլար):

Արժեթղթերի գնի նվազումը շարունակվեց նաև 2018 թ.: Հուլիսի 23-ի դրությամբ ընկերության մեկ բաժնետոմսն արդեն արժեր 710 շեկել (~195 դոլար), ինչը գրեթե 60 տոկոսով պակաս էր 2017 թ. օգոստոսի գնից: Հուլիս-օգոստոս շրջանում նկատվեց արժեթղթերի գնի ավելացում, ինչին, սակայն, կրկին փոխարինեց նվազումը՝ արդեն օգոստոսի 29-ին գործով նոր տեղեկության հրապարակումից հետո: Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2018 թ. օգոստոսի 27-ի դրությամբ կազմում էր 500 մլն շեկել (~138.5 մլն դոլար): Սակայն այս պայմաններում էլ օգոստոսի 27-ի դրությամբ ընկերության արժեթղթերի գինը շուրջ 50 տոկոսով ավելի քիչ էր քան նախորդ տարվա նույն հատվածում:

Եթե ուշադիր նայենք ստորև բերված գրաֆիկին, ապա կտեսնենք, որ նշված գործով յուրաքանչյուր նոր տեղեկության հրապարակումը էականորեն ազդում է ADS-ի բաժնետոմսերի գնի վրա:

Տարոն Հովհաննիսյան

XS
SM
MD
LG