Մատչելի հղումներ

Սիրիայի ուժերը պատրաստվում են Իդլիբում մեծ գործողությունների


Սիրիայի ուժերը պատրաստվում են Իդլիբում մեծ գործողությունների
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

ՄԱԿ-ը հանդես է եկել Սիրիայում քաղաքացիական անձանց հնարավոր մեծ կորուստների մասին խիստ նախազգուշացումով, եթե, ասված է հայտարարության մեջ, Սիրիայի ուժերը Ռուսաստանի օգնությամբ սկսեն Իդլիբի գավառը հետ գրավելու լայնածավալ գործողություններ: Ասենք, որ Իդլիբը Սիրիայում ապստամբ ուժերի վերահսկողության տակ մնացած վերջին հենակետն է:

Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Իդլիբի գավառի առումն արդեն մոտալուտ է: Վերջին օրերի ընթացքում միջազգային համայնքից սպառնացող ուղերձները, նախազգուշացումներն ու կոչերն ավելի են ուժգնացել: Ռուսաստանը Սիրիայի ափեր է դուրս հանել ծովային մեծ ուժեր ու բարձրացրել կարմիր դրոշներ, ինչը նշանակում է, որ շուտով սպասվում են ռազմական գործողություններ:

Իսկ ապստամբների վերահսկողության տակ եւ շրջապատման մեջ գտնվող այս հատվածում ներկայումս մոտ երեք միլիոն մարդ կա: Նրանց կեսից ավելին այլ վայրերից տեղահանված անձինք են: Նրանց մի զգալի մասը կանայք են ու երեխաներ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միսթուրան ասել է, որ բոլոր այս մարդկանց կյանքն այսօր դրված է հարցականի տակ, քանի որ նրանք հեռանալու տեղ չունեն:
‘’Ողբերգության հեգնանք կարող է լինել այս ամենը, եթե պատերազմի գրեթե ավարտին, բոլորիս աչքի առջեւ տեղի ունենա սարսափելի աղետ`տանելով մեծ թվով մարդկանց կյանք’’, ասել է դե Միսթուրան:
Նրա խոսքերով, Իդլիբում ներկայումս կա ալ Նուսրայի եւ ալ Քաիդայի մոտ 10 հազար ահաբեկիչ, որոնց հարկավոր է պարտոթյան մատնել: Սակայն, ասել է նա, նրանց ոչնչացումը չպիտի լինի մոտ երեք միլիոն քաղաքացիների կյանքի հաշվին:

‘’Այնպես որ չկա ու չի կարող լինել լայնածավալ հարձակում սկսելու համար որեւէ արդարացում’’, ասել է նա ու հանդես եկել համբերություն ցուցաբերելու կոչով: Նրա խոսքերով, ժամանակ է հարկավոր քաղաքացիական անձանց կյանքը փրկելու ուղիներ որոնելու համար: Հնարավորություններից մեկը, նրա խոսքերով, վստահելի ու անվտանգ մարդասիրական միջանցք բացելու տարբերակն է, որով քաղաքացիներին թույլ կտրվի ժամանակավորապես հեռանալ այս գավառից:

XS
SM
MD
LG