Մատչելի հղումներ

Բանակցություններ Վաշինգտոնում՝ Կանադայի ու ԱՄՆ-ի առևտրային համաձայնագրի շուրջ


Կանադայի արտգործնախարար Քրիսթիա Ֆրիլանդը
Կանադայի արտգործնախարար Քրիսթիա Ֆրիլանդը

Վաշինգտոնում ընթանում են բանակցություններ Կանադայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև ՆԱՖԹԱ համաձայնագրի շուրջ:

Կանադայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները բանակցում են Վաշինգտոնում երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների վերանայման հարցի շուրջ: Բանակցային գործընթացը մեկնարկեց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ համաձայնության է հասել Մեքսիկայի հետ առևտրային երկկողմ համաձայնագրի հարցում: Ամերիկյան կողմը, սակայն, ակնարկել է, որ Կանադան կարող է միանալ այս համաձայնությանը, որը կփոխարինի ՆԱՖԹԱ համաձայնագիրը:

Կանադայի արտգործնախարար Քրիսթիա Ֆրիլանդը հայտնում է, որ նախօրեին ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի հետ ունեցած քննարկումները չափազանց կառուցողական են ընթացել կողմերի համար: Արտգործնախարարը նշել է, որ մեքսիկական կողմի մի շարք զիջումներն ավտոմեքենաների արտադրության և պահեստամասերի ներմուծման հարցերում հույսեր են ներշնչում, որ ամերիկյան կողմի հետ հնարավոր կլինի հասնել փոխշահավետ համաձայնության:

Դեռևս, սակայն, պարզ չէ, թե արդյոք կողմերին կհաջողվի հասնել համաձայնության հատկապես ավտոմեքենաների և կաթնամթերքի ներմուծման հարցերում: Այս խնդիրները գերիշխում են վերջին ամիսներին ՆԱՖԹԱ-ի շուրջ կողմերի բանակցային գործընթացում:

Կանադայի արտգործնախարարը նախատեսում է նաև հանդիպել մեքսիկական կողմի հետ, որի ներկայացուցիչները դեռևս գտնվում են Վաշինգտոնում:

Facebook Forum

XS
SM
MD
LG