Մատչելի հղումներ

Մինչև 2020-ը Հայաստանում կառուցվելու են 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կարևորում է Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց, որ նախարարության համար վերականգնող էներգետիկան համարվում է առաջնահերթություն, որովհետև այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար:

Նախարարի խոսքով` այդ առումով աշխատանքներ են իրականացվել արևային էներգետիկան զարգացնելու ուղղությամբ:

Նախարարությունը առաջարկություն կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը 100 մեգավատ հզորության արևային կայաններ կառուցվեն:

«100 մեգավատ հզորությամբ արևային կայանների կառուցումը պայմանավորել ենք հետևյալ ձևաչափով. մինչև 5 մեգավատ տեղակայվող կայանների համար կսահմանվի բնական ջրահոսքերի վրա կառուցված ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնին հավասար սակագին, որը կազմում է մոտավորապես 23,8 դրամ՝ առանց ԱԱՀ-ի և 5 մեգավատ և ավել հզորությունների դեպքում նախարարության կողմից կուսումնասիրվեն ընկերություններից առաջարկված իրենց փաթեթները և կտրվի համապատասխան հնարավորություն»,- ասաց Գրիգորյանը:

Այս տարվա օգոստոսին նախարարությունը կնքեց «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը և հնարավորություն ընձեռնվեց արտասահմանյան կազմակերպությանը իրականացնելու նախագծման, կառուցապատման և ֆինանսավորման աշխատանքները:

XS
SM
MD
LG