Մատչելի հղումներ

«Մյանմայում ցեղասպանություն է իրականացվել». ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն


ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը կոչ է անում հետաքննություն անցկացնել Մյանմայի ռազմական գլխավոր հրամանատարի և նրա մի քանի հրամանատարների նկատմամբ՝ նրանց մեղադրելով փոքրամասնություն կազմող Ռոհինգիայի մահմեդականներին ցեղասպանության ենթարկելու մեջ:

Անցած տարվա օգոստոսին դաժան ռազմական հալածանքներին հաջորդող ամիսների ընթացքում Մյանմայի հյուսիսային Ռախայն շրջանը լքել են ավելի քան յոթ հարյուր հազար Ռոհինգիայի մահմեդականներ: Հանգրվան գտնելով հարակից Բանգլադեշում՝ նրանք պատմել են, թե ինչպիսի վայրագությունների են ենթարկվել:

ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության ներկայացուցիչներից Ռադհիքա Քումարասվամին ասում է,- «Բռնաբարությունները, բռնության ծավալը, դաժանությունը և դրանց պարբերական բնույթը վկայում են այն մասին, որ դրանք քաղաքացիներին վախեցնելու, ահաբեկելու, բռնաբարելու կամ պատժելու կանխամտածված ռազմավարության մաս են կազմում»:

ՄԱԿ-ի հանձնաժողովը եզրակացրել է, որ Ռոհինգիայի զինյալների կողմից անվտանգության ուժերի դեմ իրականացված հարձակումից հետո, որի արդյունքում տասնյակ հրամանատարներ էին զոհվել, ռոհինգյա մահմեդականների դեմ զինված ուժերի կողմից իրականացված պատասխան գործողությունները եղել են «հափշտապ, դաժան, շատ անհամաչափ» և հավանականորեն՝ կանխամտածված:

ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության ներկայացուցիչներից Քրիսթոֆեր Սիդոթին ասում է,- «Փաստահավաք առաքելությունը եզրակացրել է, որ միջազգային օրենքով պատժելի երեք հանցագործությունների մեղադրանքով՝ ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ, անհրաժեշտ է քրեական հետաքննություն անցկացնել մասնավորապես Մյանմայի գեներալների նկատմամբ»:

Մյանմայի իշխանությունները կտրականապես հերքում են այս մեղադրանքները:

ՄԱԿ-ում Մյանմայի դեսպան Հա Դո Սուանն ասում է,- «Ինչպես բազմիցս ասել ենք նախկինում, սա էթնիկական բնաջնջում չէ՛, սա ցեղասպանություն չէ՛: Նմանատիպ մեղադրանքների և պիտակավորման համար որոշակի ապացույցներ են անհրաժեշտ: Սա շատ նուրբ հարց է»:

Փաստահավաք առաքելության ներկայացուցիչները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ են արել այս իրավիճակի մասին ահազանգել Միջազգային քրեական դատարանում: Նրանք նաև կոչ են արել պատժամիջոցներ կիրառել մեղավորների դեմ և Մյանմայի նկատմամբ զինամթերքի բեռնարգելք հաստատել:

XS
SM
MD
LG