Մատչելի հղումներ

Թրամփին անհրաժեշտ է առևտրային նոր համաձայնագիր Կանադայի հետ


Կանադան միանում է Հյուսիսային Ամերիկայի առևտրային համաձայնությունների վերաբերյալ բանակցային գործընթացին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան հասել են համաձայնության երկկողմ համաձայնագիր կնքելու հարցում: Նախագահ Թրամփը ողջունել է գրանցված առաջընթացը:

Նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես սուր քննադատության է ենթարկել ՆԱՖԹԱ առևտրային համաձայնագիրը՝ նշելով, որ այն հակասում է ԱՄՆ-ի շահերին և նպաստում Միացյալ Նահանգներից աշխատուժի ու արդյունաբերական ներուժի արտահոսքին:

Նախագահը սպառնում էր հավելյալ մաքսատուրքեր սահմանել Կանադայում արտադրված ավտոմեքենաների նկատմամբ, եթե կողմերը չվերանայեն առևտրային հարաբերությունները: Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Թրյուդեի հետ, որի ընթացքում կողմերը համաձայնվել են շարունակել քննարկումները:

Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ շուտով կարող է ներկայացնել Մեքսիկայի հետ երկկողմ համաձայնագրի նախագիծը, եթե մոտ ժամանակներում առաջընթաց չգրանցվի Կանադայի հետ բանակցություններում:

Փորձագիտական շրջանակները նշում են, որ հիմնական հարցը կայանում է նրանում, թե ինչպիսի զիջումներ է ակնկալում ամերիկյան կողմը: Ըստ վերլուծաբան Դունքան Վուդի, երկկողմ նոր համաձայնագիրը չափազանց շահավետ է Մեքսիկայի համար, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ֆինանսական տեսանկյունից:

Հայտնի է, որ նախահահ Թրամփը պետք է ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացնի առևտրային նոր համաձայնագիր, որը կլինի կամ երկկողմ կամ էլ՝ եռակողմ, եթե հնարավոր լինի կարճ այս ժամկետում հասնել Կանադայի հետ համաձայնության: Ըստ վերլուծաբանների, այդ համաձայնությունն այս պահին ավելի շատ անհրաժեշտ է նախագահ Թրամփին, քան Կանադային՝ հաշվի առնելով նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG