Մատչելի հղումներ

Դաեշի ծպտյալ առաջնորդ ալ Բաղդադին նորից հանդես է գալիս ահաբեկչական հարձակումներ իրականացնելու կոչով


Մեկ տարվա լռությունից հետո ելույթով հանդես է եկել Դաեշ ծայրահեղական խմբավորման ծպտյալ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: Ահաբեկչական խմբավորման ալ Ֆուրքան լրատվամիջոցով նա հորդորել է իր աջակիցներին շարունակել պայքարը եւ իր թշնամիներին` սպառնացել ‘’մութ օրերով’’: 54 րոպե տեւողությամբ իր ուղերձի ժամանակ Դաեշի աջակից մյուս խմբավորումներին նա հորդորել է չնահանջել:
Խոսքն ուղղելով Արեւմուտքում բնակվող իր աջակիցներին` նա հորդորել է իրականացնել այսպես կոչված ‘’միայնակ գայլի հարձակումներ, այնպես, որ, ասել է ալ Բաղդադին, ‘’խաչակիրները զգան իրենց իսկ հրդեհը’’:
ԱՄՆ-ի ռազմական եւ հետախուզական գործակալություններն այժմ փորձում են պարզել, թե արդյոք ձայնագրությունն իրոք ալ Բաղդադիին է, թե ոչ:

Հիշեցնենք, որ ռուսներն անցյալ տարի հայտարարել էին, թե Սիրիայում իրականացրած օդային գրոհներից մեկի ժամանակ հավանաբար սպանել են նաեւ ալ Բաղդադիին: Սակայն ԱՄՆ-ի հրամանատարությունը հայտարարել էր, թե կարծում է, որ նա դեռեւս ողջ է եւ պատսպարվում է Սիրիայի եւ Իրաքի սահմանամերձ հեռավոր մի վայրում:

XS
SM
MD
LG